«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող հարցերը:
Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը, մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Հովհաննես Հարությունյանը, «Հարավկովկասային երկաթուղի» ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարություններից, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից:
Մրցաշարը մայիսի 28-ին տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում: Հեծանվորդները Շորժա կժամանեն գնացքով, իսկ մրցման ամբողջ ընթացքում փակ կլինի Երևան-Սևան-Դիլիջան մայրուղու որոշակի հատվածը: Փակ ճանապարհահատվածի վերաբերյալ առավել մանրամասն կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Մրցաշարի ընթացքում կաշխատեն շտապօգնության 6 մեքենա, տեխնիկական սպասարկման և մրցավարական բրիգադներ: Մրցաշարի ընթացքում առաջին անգամ նախատեսվում է իրականացնել դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Վերջնարկից հետո երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից՝ վիճակահանությամբ, տեղում կենթարկվեն դոպինգ-ստուգման:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև հեռարձակման ապահովման հարցը: Կազմակերպչական հարցերով զբաղվող ընկերության ներկայացուցիչն ընդգծել է՝ աշխատանքները սահուն են ընթանում. ամեն ինչ արվում է, որպեսզի մրցաշարն անցկացվի հավուր պատշաճի:
ԿԳՄՍՆ-ից հիշեցնում են՝ մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վերջին 3 տարիների ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի ՀՀ առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:
Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով՝ 1.95 և ավելի չափի անիվներով ու պարտադիր՝ սաղավարտով:
Յուրաքանչյուր մասնակից մեկնարկին (start) և վերջնարկին (finish) պարտավոր է իր հեծանիվը ներկայացնել տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին: Ցանկացած տիպի խճուղային, էլեկտրական և մոտորային շարժիչներով հեծանիվներն արգելվում են, ինչպես նաև՝ խճուղային և սպորտային ղեկով հեծանիվի մոդիֆիկացված ցանկացած հեծանիվ, արգելվում է նաև կոնտակտային ոտնակների կիրառումը:
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (2004-1987 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (2004-1982 թթ.) տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:
Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են դրամական մրցանակներով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները՝ նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
Դրամական մրցանակներ 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ
11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ