Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ուսումնասիրել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստների բռնագրավման հնարավորությունը։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Գիտա Գոպինատը։
Գոպինատը նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել ԱՄՀ-ի կոնկրետ որոշումների մասին՝ կապված ռուսական ակտիվների հետ։
Financial Times-ը գրում է, որ ռուսական արժութային պահուստների բռնագրավումը կարող է հանգեցնել միջազգային տնտեսական համակարգի փլուզման։ Ռուսաստանի ակտիվները սառեցնելու որոշումն արդեն անհանգստություն է առաջացրել այն երկրների մոտ, որոնք ոչ սովորական հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ՝ հիշեցնում է հրատարակությունը։
2022 թվականի ապրիլին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարեց, որ երկրի իշխանությունները բանակցություններ են վարում ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ Արևմուտքում սառեցված ռուսական պաշարների դուրսբերման շուրջ՝ հօգուտ Ուկրաինայի։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները հաշվարկում են կորուստները և գնահատում երկրի տնտեսությանը հասցված վնասը։ Ավելի վաղ Շմիգալը նշել էր, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Ուկրաինայի վերականգնումը կպահանջի 600 միլիարդ դոլար։