Մոլդովան իր տարածքում ուկրաինական հակամարտության տարածման անմիջական վտանգ չի տեսնում և մտադիր է պահպանել չեզոք կարգավիճակը՝ հայտարարել է հանրապետության վարչապետ Նատալյա Գավրիլիցան։
Ըստ վարչապետի՝ ռուս-ուկրաինական հակամարտության սրման ռիսկն առկա է Մոլդովայի տարածքում, սակայն «առայժմ դա հեռավոր վտանգ է թվում»՝ հայտնում է ТАСС-ը։
Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամի տնտեսական հետևանքներին՝ վարչապետն ասել է, որ հանրապետությունում նկատվում է «զգալի թանկացում և էներգակիրների ինքնարժեքի բարձրացում»: Գազի գինը 360%-ով ավելի է անցյալ տարվա համեմատ, Մոլդովան կորցրել է մուտքը Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի առանցքային շուկաներ, որոնց բաժին է ընկել հանրապետության ապրանքների և ծառայությունների արտահանման 15%-ը:
Մարտին Մոլդովան Վրաստանի և Ուկրաինայի հետ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրեց։ Վարչապետը նշել է, որ այդ քայլը «խորհրդանշական էր, բայց շատ կարևոր»։ «Մենք հասկանում ենք, որ երկար ճանապարհ ենք անցնելու, բայց քրտնաջան աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Նատալյա Գավրիլիցան։