ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների իրականացման արդյունավետությունը բարձրացնելով:
«Մենք առաջարկում ենք ընդլայնել օրենքում գործածվող «պաշտոնատար անձ» հասկացությունը և, բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից, այդ հասկացության շրջանակներում ներառել նաև այն անձանց, ովքեր ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն»,- ասաց Գալյանը:
Առաջարկվում է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն ունենա շուկայական արժեքի փոխարեն պատասխանողից պահանջել նաև գույքի ձեռքբերման արժեքը:
Եթե գույքը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս, առաջարկվում է, որ այդ դեպքում ևս ծագի իրավասու մարմնի լիազորությունը՝ պատասխանատուից պահանջելու այդ գույքի ձեռքբերման, այն է՝ պայմանագրային արժեքը: