«ԱԶՈՎՍՏԱԼՈՒՄ» ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԱՆՁՆՎՈՒՄ ԵՆ
«Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված ուկրաինացի զինծառայողները շարունակում են հանձնվել. մեկ օրում զենքը վայր է դրել 694 մարտիկ՝ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մայիսի 16-ից, ընդհանուր առմամբ, հանձնվել է ավելի քան 950 զինվորական, որոնցից 80-ը՝ վիրավոր: Նրանց մեծ մասը տեղափոխվել է Դոնեցկում Նովոազովսկի հիվանդանոց»,- մանրամասնել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը։
ԿԻԵՎԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ. ՊԵՍԿՈՎ
«Կնպաստի՞ արդյոք «Ազովստալի» արդյունաբերական գոտում արգելափակված զինվորականների հանձնվելը ռուս-ուկրաինական բանակցային գործընթացին»՝ լրագրողների հարցին պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
«Չեմ կարծում, թե դրանք փոխկապակցված գործընթացներ են։ Բանակցություններն իսկապես առաջ չեն գնում․ ավելին՝ Կիևը բացարձակապես չի ցանկանում շարունակել քննարկումները»,- նշել է Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները դադարեցվել են:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել երկրում ռազմական դրությունը երկարաձգելու նախաձեռնությամբ. համապատասխան օրինագիծը գրանցվել է Գերագույն ռադայում։ Նախագահը խորհրդարանին է ներկայացրել նաև երկրում համընդհանուր մոբիլիզացիայի երկարաձգման մասին օրենքի նախագիծը։
Փետրվարի 24-ին Զելենսկին ստորագրել էր «Ուկրաինայում ռազմական դրություն սահմանելու մասին» հրամանագիրը։ Ապրիլի 21-ին ռեժիմը երկարաձգվել էր ևս 30 օրով՝ մինչև մայիսի 25-ը։
ԵՄ-ԻՆ ԿԻԵՎԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԱՐԻՆԵՐ ՊԱՀԱՆՋՎԵԼ
Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության համար կարող են տարիներ պահանջվել, նույնիսկ՝ տասնամյակներ՝ համոզմունք է հայտնել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ որպես օրինակ բերելով Թուրքիային, որը Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ունի 1999 թվականից։
«Բոլորը շահագրգռված են, որ Ուկրաինան եվրոպական ընտանիքի անդամ դառնա, սակայն անդամակցության հարցով արագացված ընթացակարգ առայժմ չկա»,- նշել է նա։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր, որ ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը կքննարկվի հունիսին։
ԵՄ-Ն ՊԵՏՔ Է ԿՐՃԱՏԻ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՈՒՄԸ. ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Եվրահանձնաժողովն ընդունել է ռուսական էներգետիկ ռեսուրսներից, այդ թվում՝ գազից հնարավորինս արագ անկախանալու երկարաժամկետ ծրագիր՝ հայտարարել է կառույցի նախագահը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն պետք է կրճատի էներգիայի սպառումը 13%-ով, որպեսզի կարողանա հրաժարվել ռուսական էներգակիրներից: Եվրահանձնաժողովն առաջարկել է նաև մինչև 2022 թվականի վերջ Կիևին մինչև 9 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական աջակցություն հատկացնել։
«ԵՄ երկրները հայտարարել են առաջիկա տարիներին իրենց պաշտպանական ծախսերը 200 միլիարդ եվրոյով ավելացնելու մասին։ Նրանք նաև պետք է անցնեն ռազմական տեխնիկայի և զենքի համատեղ գնումների»,- մանրամասնել է ֆոն դեր Լայենը։
ՖՐԱՆՍԻԱՑԻ 34 ԴԻՎԱՆԱԳԵՏ ՊԵՏՔ Է ԼՔԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
Մոսկվան անցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանում ֆրանսիական դիվանագիտական հաստատությունների 34 աշխատակցի․ նրանք պետք է լքեն Ռուսաստանի տարածքը 2 շաբաթվա ընթացքում։ ՌԴ ԱԳՆ-ը նման որոշում է կայացրել՝ ի պատասխան Ֆրանսիայից ռուսական դիվանագիտական հաստատությունների 41 աշխատակցի արտաքսմանը։
Ավելի վաղ Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին կանչվել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն, Մոսկվայի համոզմամբ՝ Փարիզի սադրիչ ու չարդարացված որոշման հետ կապված․ ֆրանսիական կողմն այդ քայլը չարդարացված է որակել։
Նախարարություն են կանչվել նաև Շվեդիայի և Իտալիայի դեսպանները։ Վերջինս տեղեկացվել է, որ Ռուսաստանից կարտաքսվի 24 իտալացի դիվանագետ։
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԱՋԱԿՑԻ ՇՎԵԴԻԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻՆ. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել է՝ իր երկիրը չի աջակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։
«Դուք մեզ չեք արտահանձնում ահաբեկիչներին, բայց միևնույն ժամանակ ակնկալում եք, որ կաջակցենք ձեզ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում»,- նման կոչով է Ռեջեփ Էրդողանը դիմել Ստոկհոլմին և Հելսինկիին։
Նա Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչներին հորդորել է ժամանակ չվատնել և չայցելել Անկարա՝ համոզելու Թուրքիային աջակցել նրանց ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Դաշինքը կհասկանա Անկարայի դիրքորոշումն այնպիսի զգայուն հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են անվտանգությունը և սահմանների պաշտպանությունը։
«ՆԱՏՕ-ն քայլեր է ձեռնարկում իր արևելյան սահմանների ընդլայնման ուղղությամբ: Մենք տեսնում ենք՝ ինչպես են ուկրաինական ճգնաժամի պայմաններում որոշ երկրների առաջ դռներ բացում, բարի կամք դրսևորում: Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ տարիներ շարունակ պայքարել ենք ահաբեկչության դեմ և չենք տեսել նման վերաբերմունք մեր հանդեպ։ Մենք ակնկալում ենք մեր դաշնակիցների հարգանքը և, հնարավոր է, աջակցությունը»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։
Անկարան ցանկանում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան ահաբեկչական կազմակերպություն ճանաչեն Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, ինչպես նաև չեղարկեն Թուրքիա զենքի արտահանման սահմանափակումները։