ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան խաչատրյանը ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
«2021 թվականից սկսած՝ մետաղների միջազգային գները բավականին արագ բարձրացան, և ռոյալթիների այն համակարգը, որը գործում էր մինչև 2021 թվականի սկիզբը, չէր ապահովում այնպիսի համամասնություն, որ կառավարությանը բավարար թվար՝ գների ավելացման հետևանքով կազմակերպությունների ունեցած լրացուցիչ ֆինանսական միջոցները կամ շահույթները կառավարության և բիզնեսի մեջ բաժանելու բանաձևի առնչությամբ:
2021 թվականի աշնանն ուժի մեջ մտավ մետաղների խտանյութերի արտահանման համար պետական տուրքը, որը սահմանված էր տարբեր մետաղների համար տարբեր չափերով, օրինակ՝ պղնձի խտանյութի արտահանման՝ մեկ տոննայի դիմաց 160 հազար դրամ, մոլիբդենի խտանյութի համար ավելի բարձր: Արդյունքում 2021 թվականի վերջին 4 ամիսների ընթացքում 24.6 միլիարդ դրամ, իսկ 2022 թվականի առաջին 4.5 ամիսների ընթացքում ավելի քան 28 միլիարդ դրամ, շնորհիվ այդ նոր կարգավորման պետական բյուջեում ունեցել ենք լրացուցիչ եկամուտներ:
Հիմա կառավարությունը եկել է մեկ քայլ ավել կատարելու և տրված կարգավորումը բարելավելու առաջարկով, որպեսզի այն լինի ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ կարգավորման գործիք»,- ասաց Խաչատրյանը:
Առաջարկվում է ևս մեկ ռոյալթիի ներդրման հարցը քննարկել, որը բարձր շահութաբերության դեպքում լրացուցիչ վճար կառաջարկի կազմակերպություններին:
«Եթե կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ բարձր մետաղների գների ժամանակահատվածներում կազմակերպությունները կունենան բարձր շահույթներ, ապա այդ միջակայքի համար, բացի այն վճարները և հարկերը, որոնք սահմանված են օրենքով, կվճարի լրացուցիչ ևս շահույթի հարկ: Այս մոտեցմամբ է ներկայացված առաջարկը»,- ասաց Խաչատրյանը:
Ռոյալթիները հարկի բնույթի այն լրացուցիչ վճարներն են, որոնք ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունները վճարում են բացի այն հարկերից և վճարներից, որոնք վճարվում են այլ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից: