ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «3+3» ՁԵՎԱՉԱՓՈՎ 2-ՐԴ ՆԻՍՏԸ
2021 թ. դեկտեմբերին ձևավորված «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը պահանջված և հեռանկարային մեխանիզմ է՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը: Սերգեյ Ռուդենկոն նշել է, որ նախատեսում են ակտիվորեն օգտագործել այս ձևաչափը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության զարգացման համար։
«Նման համագործակցության տրամաբանությունը ենթադրում է համատեղ քննարկել այն հարցերը, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում, չեն սրում քաղաքական հակասությունները և նպաստում են փոխվստահության բարձրացմանը»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ գործընթացը բարենպաստ պայմաններ է ստեղծում առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացման միջոցով Երևանի և Բաքվի, Երևանի և Անկարայի միջև երկխոսության հաստատման համար:
Ռուդենկոն հայտնել է, որ այժմ ընթանում են ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները. ակնկալվում է այն անցկացնել մինչև տարվա առաջին կիսամյակի ավարտը:
Անդրադառնալով տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ ՌԴ փոխարտգործնախարարն ասել է, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել, և առաջիկայում հնարավոր է որոշման ընդունում, որը թույլ կտա ձեռնամուխ լինել տարածաշրջանում հստակ նախագծերի իրականացմանը։
Ռուդենկոն հավելել է, որ Ռուսաստանի նախագահը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և անհրաժեշտության դեպքում հանդիպում կկազմակերպվի:
ԼԻԲԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 6 ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են. երկրի նորընտիր խորհրդարանում 6 հայ պատգամավոր կլինի, նրանցից 3-ը Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածուներն են, մեկը Հնչակյան կուսակցությունից է, խորհրդարան անցած հայազգի պատգամավորներից երկուսն անկուսակցական են: Մայիսի 15-ին կայացած ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 41.04%-ը:
Նախնական տվյալով` երկրի ամենամեծ շիայական կուսակցության՝ «Հեզբոլլահի» դաշնակից «Ազատ հայրենասիրական շարժում» քրիստոնեական կուսակցությունն իր տեղը զիջել է Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող «Լիբանանյան ուժեր» կուսակցությանը: «Լիբանանյան ուժերը» կստանա պատգամավորական 20 մանդատ, մինչդեռ նախորդ ընտրություններում ուներ 15-ը, «Ազատ հայրենասիրական շարժումը» խորհրդարանում զբաղեցնելու է 16 տեղ, նախկինում ուներ 18-ը, Շիայական «Ամալ» շարժումը զբաղեցնելու է 17, իսկ «Հեզբոլլահը»՝ 13 տեղ:
«Հեզբոլլահի» համար ընտրությունների արդյունքը մեծապես տարբերվել է խորհրդարանական նախորդ ընտրություններում գրանցած հաջողությունից. այն ժամանակ «Հեզբոլլահը» օրենսդիր մարմնում ստացել էր 71 մանդատ:
Ընտրությունների նախնական արդյունքները հայտարարել է Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ Մաուլավին: Նրա գնահատականով` ընտրությունները հաջող են անցել:
«Սա ազգային տոն է: Երկուսուկես տարի փողոցներում անարդարության կառավարության դեմ ուղղակիորեն դիմակայելուց հետո, վերջապես, մենք բռնեցինք փոփոխությունների ճանապարհը»՝ հայտարարել է նախարարը:
ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԶԻՆՅԱԼՆԵՐ ՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ. ՌԴ ՊՆ
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված «Ազով» ազգայնական ստորաբաժանման զինյալներն ու ուկրաինացի զինծառայողները սկսել են հանձնվել, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբից էլ հայտնել են, որ հանձնվել է ավելի քան 250 ուկրաինացի զինվոր, որից՝ 51 վիրավոր։
Ուկրաինական կողմը հայտնել է, որ վիրավոր ուկրաինացի զինվորները «Ազովստալից» տարհանվել են ԴԺՀ-ի կողմից վերահսկվող տարածք՝ Նովո-ազովսկ, իսկ 211 ուկրաինացի զինվոր հումանիտար միջանցքով տեղափոխվել է Ելենովկա:
ՇՎԵԴԻԱՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՆԱՏՕ-ԻՆ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ. ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՄ Է
Շվեդիայի արտգործնախարարը ստորագրել Է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը: Ստորագրելով փաստաթուղթը՝ Անն Լինդեն նշել է, որ այն ուղարկվելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Արտգործնախարարի խոսքով՝ սա լավագույն որոշումն է Շվեդիայի համար:
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության առաջարկին հավանություն է տվել երկրի խորհրդարանը։ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ ներկայացնելուն կողմ է քվեարկել 188 պատգամավոր, դեմ՝ 8-ը։ Ավելի վաղ երկրի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը երկարատև քննարկումներից կարծիք էր հայտնել, որ Ֆինլանդիան պետք է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի։
Ռուսաստանը չէր ցանկանա միջամտել Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի հարաբերություններին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արձագանքը այդ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությանը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան դեմ է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը:
Նա այդ դիրքորոշումը բացատրել էր նրանով, որ այդ երկրները հրաժարվել են արտահանձնել ահաբեկչական կազմակերպություններին անդամակցության համար կասկածվող անձանց: Մյուս պատճառը, ըստ Էրդողանի, այդ երկրների կողմից պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման սահմանափակումների կիրառումն է: