Քննչական երկու մարմին՝ չորսի փոխարեն. արդարադատության նախարարությունն առաջարկում է դադարեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններում նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը՝ վերապահված գործառույթները փոխանցելով Քննչական կոմիտեին։
Ներկայում քրեական գործերով նախաքննություն կատարում են Քննչական կոմիտեն, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտն ու ՊԵԿ հարկային և մաքսային մարմինները։ Նախագծի փաթեթն առաջարկում է նախաքննության գործառույթը կենտրոնացնել Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեներում:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Ստացվում է այնպիսի մի իրավիճակ, երբ որ տարբեր քննչական մարմինների շրջանում քննվում են այնպիսի գործեր, որոնք պրակտիկայում շատ հաճախ լինելով այս կամ այն քննչական մարմնի ենթակայության տիրույթում՝ սովորաբար փոխանցվում են նաև Քննչական կոմիտեին:
Նախագծի հիմնավորմամբ՝ քրեական գործերի շուրջ 95 տոկոսը մշտապես քննվել է Քննչական կոմիտեում, և ԱԱԾ ու ՊԵԿ մարմինների կազմում անհրաժեշտ չեն նախաքննություն իրականացնող ստորաբաժանումներ։
Արփինե Սարգսյան - Քննչական մարմինների միացումը թույլ կտա նաև մեկ միասնական մեթոդաբանությամբ, մեկ միասնական քաղաքականությամբ քննել այն բոլոր հանցակազմերը, որոնք կվերապահվեն տվյալ քննչական մարմնին:
Բացի այդ, այս պահի դրությամբ Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական եկամուտների կոմիտեն, ըստ էության, չեն դիտարկվում տիպիկ քննչական մարմիններ, դրանք հետաքննություն իրականացնող կառույցներ են՝ հավելում է փոխնախարարը: Այս քննչական մարմիններում տարբեր է նաև աշխատավարձի քաղաքականությունը: Ըստ Սարգսյանի՝ Քննչական կոմիտեում նույն գործառույթն իրականացնող քննիչները ավելի քիչ են վարձատրվում, քան ԱԱԾ-ում և ՊԵԿ-ում:
Արփինե Սարգսյան - Այս նախագիծը ևս կգա օգնելու, որպեսզի միասնականացվի աշխատավարձային քաղաքականությունը այս ոլորտում, և ավելի բարձր սոցիալական երաշխիքներ տրամադրվեն քննիչներին:
Թեև նախաքննական գործառույթը նոր օրինագծով առաջարկվում է վերցնել, թե՛ ԱԱԾ-ն և թե՛ ՊԵԿ-ը շարունակելու են իրականացնել հետաքննություն և օպերատիվ-հետախուզական գործունեություն:
Արփինե Սարգսյան - Սա նշանակում է, որ, օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումները եթե հետախուզական կամ հակահետախուզական ֆունկցիայի շրջանակում կբացահայտեն, օրինակ՝ ահաբեկչության հանցակազմի տարրեր, ապա ընդամենը հաղորդում են ներկայացնում արդեն Քննչական կոմիտեին:
Ըստ նախագծի՝ Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության գործառույթ կիրականացնի մինչև 2023 թվականի հունիսի 1-ը, իսկ Պետական եկամուտների կոմիտեն՝ մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը:
Իսկ ո՞ր քննիչներն են քննելու Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների քննիչների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունները:
Արփինե Սարգսյան - Հակակշռի ապահովման տեսանկյունից Քննչական կոմիտեի քննիչները կքննեն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին վերաբերող գործերը, իսկ Հակակոռուպցիոնի քննիչները՝ Քննչական կոմիտեին վերաբերող բոլոր գործերը:
Նախագծերի փաթեթը նախ պետք է հավանության արժանացնի Կառավարությունը, այնուհետև ընդունի Ազգային ժողովը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան