Որ քննիչ հանձնաժողովների աշխատանքը լիարժեք լինի, Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխել «ԱԺ կանոնակարգը»:
Գործող օրենքով՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է մինչև վեց ամիս ժամկետով, որը մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ, խորհրդարանի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս վեցով: Պատգամավորի խոսքով՝ թե՛ նախորդ, թե՛ այս գումարման խորհրդարանի փորձը ցույց տվեց՝ սահմանված ժամկետը բավարար չէ, երբեմն կես տարվա երկարաձգումն էլ է քիչ:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ընդամենը հինգ քննիչ հանձնաժողով է գործել, հինգի ժամկետն էլ երկարացվել է, ու դա, կարծում եմ՝ ամենալուրջ հիմնավորումն է:
Սկսած Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից՝ վերջացրած Քովիդի ընթացքում Կառավարության կիրառած սահմանափակումների արդյունավետությունը քննող հանձնաժողովով: Բագրատյանի խոսքով՝ հիմնականում օբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ ժամկետը չի բավարարել: Նախագծով նա առաջարկում է չկաշկանդել օրենսդրի այս օղակին ու քննիչը ձևավորել նախնական մեկ տարով՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ: Քննարկման ընթացքում, սակայն, ներկայացված առաջարկը փոքր-ինչ փոփոխվեց ու հավանություն ստացավ:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Լիազորությունների ժամկետը դարձնել 1 տարի, որը կարող է երկարաձգվել մինչև 6 ամսով, ու սա վերաբերելու է նոր ստեղծվողներն:
Երբեմն քննիչ հանձնաժողովի աշխատանքը տուժում է, ձգձգվում նաև սուբյեկտիվ պատճառներով: Օրինակ՝ հրավիրված պաշտոնյաներն առանց հարգելի պատճառի չեն ներկայանում խորհրդարան: Բագրատյանը նկատում է՝ գործիքակազմը վերանայելու, քննիչ հանձնաժողովին որոշ լիազորություններով օժտելու կարիք կա:
Սերգեյ Բագրատյան - Հաճախ հենց այդ պաշտոնյայի հետ կապված խնդիր ենք ուսումնասիրում, ու քանի որ նա օրենքի ուժով պարտավոր չէ ներկա լինել՝ կարող է՝ ներկա լինել, կարող է՝ չէ, և տարբեր պատճառաբանություններ ունենալ
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերը չքննարկվեցին: Նրանք ներկա չէին նիստին: Ընդդիմադիրների՝ լիագումար նիստերին, նաև՝ հանձնաժողովների աշխատանքներին չմասնակցելուն անդրադարձավ Վլադիմիր Վարդանյանը:
Վլադիմիր Վարդանյան - Տվյալ դեպքում, թաքնվելով անձեռնմխելիության և որոշակի խորհրդարանական արտոնությունների ներքո, մենք ունենք նման գործընթաց: Ասեմ ավելին, որ չի էլ հայտարարվել ԱԺ նիստի կամ նստաշրջանի բոյկոտ, հանձնաժողովների նիստերի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել, որպեսզի հասկանանք, որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես դասից փախչելու, այլ ինչ-որ քաղաքական դիրքորոշման հետ:
Քննարկված նախագծերը ստացան հավանություն ու քվեարկությամբ ընդգրկվեցին առաջիկա լիագումարի օրակարգում: