ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականին, որն այս օրերին նախապատրաստական վերջին փուլն է անցնում Օլիմպավանում՝ Եվրոպայի առաջնությանն ընդառաջ:
Վահրամ Դումանյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
ԿԳՄՍ նախարարը շփվել է բռնցքամարտիկների հետ և հաջողություն մաղթել նրանց կարևոր ստուգատեսում.
«Ակնկալիքները շատ մեծ են: Գիտեմ, թե որքան ջանք ու եռանդ եք ներդրել այս դժվարին գործում՝ նախապատրաստվելով ԵԱ-ին, ու դեռ ինչ փորձություններ պետք է հաղթահարեք ռինգում: Մենք ձեզ հետ ենք: Այսօր, առավել, քան երբևէ, մենք ունենք հաղթանակների կարիք, ու վստահ եմ՝ Եվրոպայի այս առաջնությանը մեզ հաղթական շատ պահեր եք պարգևելու: Հաջողություն եմ մաղթում ձեզ և ամենակարևորը՝ առանց վնասվածքների մենամարտեր»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սեփական հարկի ներքո անցկացվող առաջնությունը, անկասկած, լրացուցիչ լարվածություն կհաղորդի, բայց մենք ունենք շատ զորեղ բռնցքամարտիկներով հագեցած թիմ ու հաջողություններ ենք ունենալու.
«Բոլոր 13 քաշային կարգերում ներկայացված ենք լինելու, ու մեր բոլոր ուժեղագույններն այդ թիմում կան: Շնորհակալ եմ տղաներին ամբողջովին նվիրվելու և պատրաստվելու համար: Շատ լավ են պատրաստվել»:
Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հանդիպման ընթացքում նաև հայտարարել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմը: Երևանում կայանալիք առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես կգա բոլոր 13 քաշային կարգերում:
Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Կարեն Աղամալյանն ընդգծել է՝ հավաքականի տղաները լավ մարզավիճակում են ու գրեթե պատրաստ են առաջնությանը.
«Կաշխատենք արդարացնել սպասելիքները: ԿԳՄՍ նախարարության, ՀԱՕԿ-ի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի աջակցությամբ նախապատրաստական հիանալի փուլ ենք անցել: Որևէ խնդիր չունենք: Պատասխանատվությունը շատ մեծ է, բայց տղաները փորձառու են, թեև զգում ենք՝ ներքին լարվածություն կա: Այդուհանդերձ, վստահ ենք՝ ամեն ինչ լավ է լինելու»:
Հավաքականի գլխավոր մարզիչը նաև երկրպագուներին կոչ է արել թիմի կողքին լինել ու աջակցել տղաներին համալիրում:
Մինչև վերջին պահը հարցական էր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ Բաչկովը շատ լուրջ որոշում է կայացրել. «Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Բաչկովը շատ կարևոր մենամարտ չեղարկեց պրոֆեսիոնալ ռինգում: Նա իսկապես շատ լուրջ որոշում կայացրեց, չմերժեց մեր խնդրանքը. ինքն էլ հասկացավ՝ սա շատ կարևոր առաջնություն է:
Նայում եմ՝ վետերաններն էլ շատ լավ վիճակում են ու իրենց հիանալի են զգում: Կարևորը՝ կա թիմային ոգի: Կարեն Աղամալյանն էլ գոհ է մարզումների ընթացքից: Մնում է միայն Աստծուց խնդրել առանց վնասվածքների մենամարտեր: Տա Աստված՝ մեր ազգը կարողանա վայելել այն բերկրանքը, ինչին արժանի է»:
Խոսելով մարզահամերգային համալիրում ընթացող նախապատրաստական աշխատանքների մասին՝ Կարեն Գիլոյանը հավաստիացրել է՝ աշխատանքների շուրջ 90 տոկոսը կատարված է.
«Մնացածն էլ ժամանակի խնդիր է: Որևէ խնդիր չունենք: Համալիրը շատ լավ տեսքի է բերվել, նորոգվել է՝ նոր հատակ, նոր ցուցատախտակներ: Վերանորոգվել են միջանցքները, սենյակները, հանդերձարանները: Նույնիսկ վերելակներն են փոխվել: Դրսից էլ են նորոգման աշխատանքներ կատարվել: Բացման արարողության ժամանակ նաև շատրվանները միացված կլինեն: Շատ գեղեցիկ ու ժամանակակից բացման արարողություն ենք ունենալու: Շատ հետաքրքիր է լինելու, բայց, իհարկե, մեզ համար կարևոր է՝ մրցակցային օրերը լավ անցնեն»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պատրաստ են նաև տեխնիկական, նկարահանող խմբերը: Բոլոր մենամարտերն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու են Vivaro Media-ի եթերում, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ մենամարտերը կցուցադրվեն նաև Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, հաջողություն մաղթելով մեր թիմին, շնորհակալություն է հայտնել նաև այն տղաներին, ովքեր մինչև վերջ քրտնաջան աշխատել են, սակայն չեն ընդգրկվել վերջնական հայտացուցակում. «Այն տղաները, ովքեր չեն ընդգրկվել Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմում, հունիսի 15-ից 20-ը մրցաշարի կմասնակցեն Հունաստանում: Գիտեմ, որ բոլորդ էլ լավագույնս պատրաստվել եք ու ցանկանում էիք մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ու շնորհակալ եմ այդ նվիրումի համար»:
Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը կայանալու է մայիսի 21-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: