2022 թ. մայիսի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որին ուղեկցում էին նոր մեկնարկող «Խորհրդատվական աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ծրագրին» փորձագիտական թիմի անդամները: Այդ մասին ասված է Սահմանադրական դատարանի Ֆեյսբուքի էջում:
«Ողջունելով դեսպանին և փորձագիտական խմբի անդամներին՝ Արման Դիլանյանը կարևորել է նոր կարճաժամկետ խորհրդատվական ծրագրի մեկնարկը՝ համոզմունք հայտնելով, որ Սահմանադրական դատարանի ու Նիդերլանդների Թագավորության դեսպանության միջև գործուն համագործակցությունը կշարունակի լրացվել նոր փոխշահավետ ծրագրերով:
Իր հերթին դեսպան Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ նիդերլանդական կողմը մեծապես արժևորում է Սահմանադրական դատարանի հետ ընթացիկ արդյունավետ գործընկերությունը՝ միտված Հայաստանում իրավունքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հայ-նիդերլանդական իրավական կապերի հետագա ամրապնդման շուրջ»,- նշված է գրառման մեջ: