ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է ընդդիմադիրների կողմից ճանապարհները փակելուն և անհնազանդության ակցիաներին:
Հովհաննիսյանի խոսքով՝ մենք պետք է հստակ տարանջատենք քաղաքացիական անհնազանդությունը խուլիգանությունից։
«5 հոգով աղբամանների միջոցով հարյուրավոր քաղաքացիների ճանապարհ փակելը, մեղմ ասած, ակցիա չէ, այլ քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարում։ Մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներով միջին և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների երթևեկությունը խոչընդոտելը, մեղմ ասած, ոչ միայն ավտոերթ չէ, այլև անտրամաբանական ու անօգուտ։
Ոստիկաններին վիրավորելը, ուսադիրներն ու տարբերանշանները պոկելը, մեղմ ասած, քաղաքացիական անհամաձայնության արտահայտում չէ, այլ հստակ հանցակազմ պարունակող արարք։
Քեզ հետ անհամաձայն մարդկանց վրա հարձակվելն էլ, ըստ էության, անզորության և ընդդիմության գործելաոճի իրական նկարագիրն է։
Իսկ ահա ոստիկաններին վիրավորող պատգամավորների մասին առհասարակ ասելիքը եթերային չէ։
Ասածիս համատեքստում պետք է արժանին մատուցել մեր ոստիկաններին հանդուրժողականության, հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար»,- ասված է պատգամավորի գրառման մեջ: