Պետական հաստատություններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե նրանք խախտեն կառույցի սահմանած կանոնները: «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունն առաջարկում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: Արթուր Հովհաննիսյանը նշում է՝ գործող կարգավորմամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն լրատվական գործունեություն իրականացնողի ուղարկած դիմումի համաձայն:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Գործնականում մենք բազմաթիվ օրինակների ենք հանդիպել, երբ կոնկրետ լրատվամիջոցների լրագրողները պարբերաբար խախտում են պետական մարմիններում, մասնավորապես՝ Ազգային ժողովում աշխատանքային գոտում գործող կանոնները, ինչի մասին նախազգուշացվում են պետական մարմնի կողմից տվյալ լրատվական գործունեություն իրականացնողները, սակայն դրան չի հետևում որևէ գործողություն լրատվամիջոցների կողմից:
Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նախազգուշացում ստացած լրատվամիջոցի լրագրողները շարունակում են պարբերաբար խախտել աշխատանքային կանոնները:
Արթուր Հովհաննիսյան - Խախտելով նաև լրագրողական էթիկայի կանոնները, ընդհուպ՝ վիրավորելով պատգամավորներին, սպառնալով պատգամավորներին և խաթարելով ոչ միայն Ազգային ժողովի, այլև հենց իրենց գործընկերների բնականոն աշխատանքը:
Օրենքի նախագծով՝ առաջարկվում է պետական հաստատությանը հնարավորություն տալ՝ զրկել լրագրողին հավատարմագրումից, եթե նախազգուշացում ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնի խախտումը:
Արթուր Հովհաննիսյան - Առանց նախազգուշացման չի կարելի լրագրողին միանգամից զրկել հավատարմագրումից, որովհետև այդպես շատ մեծ հայեցողություն կտրվի պետական մարմիններին:
Պատգամավորն ընդգծեց՝ հավատարմագրումից զրկված լրագրողին լրատվամիջոցը կկարողանա փոխարինել և շարունակել լուսաբանել պետական հաստատության աշխատանքը: Հարցին դրական եզրակացություն տալուց հետո հանձնաժողովն անցավ Կառավարության ներկայացրած օրինագծի քննարկմանը:
ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԸ ԱԺ-ՈՒՄ
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ապահովել քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց միջնակարգ կրթության իրավունքը: Փոխնախարար Արփինե Սարգսյանը հիշեցրեց՝ Հայաստանում միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, ներկայացրեց առաջարկված փոփոխությունը.
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) -19 տարվա տարիքային սահմանափակումը չտարածվի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, ում պատժի ազատման ժամկետը լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է 1 տարուց ավելի:
Փոխնախարարը հայտնեց՝ քրեակատարողական հիմնարկներում 300 ազատազրկված անձ չունի 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատ, ինչը թույլ չի տալիս արդյունավետ իրականացնել նրանց հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքները:
Արփինե Սարգսյան - Բնականաբար, եթե կրթական համապատասխան ցենզ չունի անձը, հետևապես իր հետ տարվող ցանկացած աշխատանք չի ունենա այն նույն արդյունավետության աստիճանը, ինչ որ կունենանք ավելի բարձր կրթական ցենզ ունեցող անձի հետ տարվող աշխատանքներում:
Օրենքի ընդունումից հետո միջնակարգ կրթություն ստանալու ցանկություն հայտնած յուրաքանչյուր ազատազրկվածի համար կկազմվի անհատական կրթական ծրագիր: Ուսուցումը կիրականացվի հիբրիդային եղանակով: Այս նախագիծը նույնպես խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի իրավասու մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան