Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Գյումրի ժամանած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզի զարգացմանն ու տնտեսության մեջ ներդրումային ձեռնարկներին առնչվող հարցեր․
«Պարոն Քերոբյան, ուրախ եմ Ձեզ կրկին հյուրընկալելու և քննարկելու Շիրակի զարգացմանն առնչվող հարցեր, քանի որ այսօրինակ հանդիպումների և քննարկումների արդյունքում կկարողանանք խնդիրները ոչ միայն արձանագրել, այլև առաջնահերթությունները մատնանշել և համատեղ ջանքերով առաջ քայլել՝ կառավարության ապակենտրոնացված քաղաքականությանը հավատարիմ մնալով»։
Նախարարը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և անդրադարձել մի շարք նախաձեռնությունների, մասնավորապես, Գյումրիում արդյունաբերական պարկի հիմնադրման նախագծին։ Կառավարության ծրագրով մինչև 2026 թ. պետք է ստեղծվի 3 արդյունաբերական գոտի, դրանք կլինեն Գյումրիում, Արարատում և Սյունիքում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզի զբոսաշրջային հնարավորություններին, Գյումրին ավելի գրավիչ դարձնելուն վերաբերող հարցեր ևս։ Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ենթակառուցվածքների զարգացումն ու ծառայությունների որակի բարձրացումն ազդեցություն կունենան զբոսաշրջության զարգացման վրա։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական ծրագրերին, գյուղատնտեսական հիմնախնդիրներին։
Շիրակի մարզպետն ու էկոնոմիկայի նախարարը Գյումրու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ եղել են Բարեկամության այգում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել պատասխանատուների հետ, ովքեր տեղեկացրել են, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինեն բնույթով եզակի այգու մանկական խաղահրապարակը, մարզահրապարակը, տաղավարները, իսկ աշխատանքները կիրականացվեն՝ կանաչապատ տարածքները պահպանելով։
Գյումրու Բարեկամության այգու վերականգնման նախագիծն իրականացվում է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից, որը ստանձնել և իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված ծրագրերը:
Ծրագրի արժեքը գնահատվում է մոտ 12 մլն դոլար։ Մոտ 4 մլն դոլարն արդեն ներդրվել է hիմնադրամի կողմից։ ՀՀ Կառավարությունը 1,6 մլն դոլարով մասնակցում է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին։