ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված «Ազով» ազգայնական ստորաբաժանման զինյալներն ու ուկրաինացի զինծառայողները սկսել են հանձնվել՝ լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբից էլ հայտնել են, որ հանձնվել է ավելի քան 250 ուկրաինացի զինվոր, որից՝ 51-ը վիրավոր։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ վիրավոր ուկրաինացի զինվորները «Ազովստալից» տարհանվել են ԴԺՀ-ի կողմից վերահսկվող տարածք՝ Նովոազովսկ, իսկ 211 ուկրաինացի զինվոր հումանիտար միջանցքով տեղափոխվել է Ելենովկա:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դադարեցվել են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ կարծիք է հայտնել, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններին խոչընդոտում են Վաշինգտոնն ու Լոնդոնը՝ ցանկանալով վնաս հասցնել և հյուծել Ռուսաստանը: Նրա խոսքով՝ ռուսական կողմը տարբեր ուղիներով տեղեկություններ է ստանում, որ ուկրաինացի բանակցողներին առաջնորդում են Վաշինգտոնը և Լոնդոնը՝ սահմանափակելով նրանց մանևրելու ազատությունը:
ՌԴ-Ն ՉՊԵՏՔ Է ՀԱՂԹՈՂ ԴՈՒՐՍ ԳԱ. ՇՈԼՑ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չի պատրաստվում այցելել Կիև՝ «միայն արարողակարգային լուսանկարներ ունենալու համար»: Նրա խոսքով՝ ինքը Կիև կմեկնի այն ժամանակ, երբ հստակ արդյունքի հասնելու հնարավորություն լինի:
Պատասխանելով այն հարցին, թե որն է Արևմուտքի նպատակը, կանցլերն ընդգծել է, որ Ռուսաստանը չպետք է հաղթող դուրս գա հակամարտությունից։ Շոլցը Մոսկվային կրկին կոչ է արել դուրս բերելու զորքերը Ուկրաինայի տարածքից: Գերմանիայի ղեկավարի կարծիքով՝ Արևմուտքը պետք է ամեն ինչ անի՝ հակամարտության կողմ չդառնալու համար:
«Ռուսաստանի համար կա միայն մեկ ելք այս իրավիճակից. նա պետք է համաձայնության գա Ուկրաինայի հետ, և դա չպետք է լինի պարտադրված խաղաղություն»,- եզրափակել է Շոլցը:
ԵՄ-Ն ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ
Ուկրաինայում իրավիճակը քննարկելու նպատակով ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները հանդիպում են անցկացնում Բրյուսելում: Նրանց հանդիպմանը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարը:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպումից առաջ տեղեկացրել է, որ կոչ է անելու գործընկերներին ավելացնել Ուկրաինային տրամադրվող օգնության չափը 500 միլիոն եվրոյով: Դիվանագետի խոսքով՝ հանդիպման գլխավոր թեմաներից է լինելու ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը: «Այդ քայլն ավելի է ամրապնդելու մեր միասնությունը և դարձնելու մեզ ավելի ուժեղ»,- ընդգծել է Բորելը:
ՇՎԵԴԻԱՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԸ
Իսկ մինչև այդ Շվեդիայի արտգործնախարարը ստորագրել Է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը: Ստորագրելով փաստաթուղթը՝ Անն Լինդեն նշել է, որ այն ուղարկվելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: Արտգործնախարարի խոսքով՝ սա լավագույն որոշումն է Շվեդիայի համար: Այսօր սպասվում է, որ Ֆինլանդիայի խորհրդարանը նույնպես կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը:
ԱՄՆ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԱՄՆ-ն փորձում է հստակեցնել Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում` ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր կարևոր դաշնակիցն է, սակայն Պենտագոնում չենք կարող խոսել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի այլ երկրի արտաքին քաղաքականությունը»,- նշել է ԱՄՆ ռազմական գերատեսչության խոսնակը։
***
Անդրադառնալով Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններին ու քաղաքականությանը՝ Իրանի արտգործնախարարության խոսնակն նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է գիտակցի, որ առճակատման ճանապարհը լավ ավարտ չի ունենալու: Սաիդ Խաթիբզադեի խոսքով՝ ներկայիս իրադարձությունների պատճառը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է և երկրների անվտանգության ու քաղաքական նկատառումների անտեսումը։ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը գործադրում է բոլոր ջանքերը Մոսկվայի և Կիևի միջև խաղաղություն հաստատելու համար, այդ կապակցությամբ Իրանը մտադիր է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական ջանքերի նոր փուլ սկսել:
Անդրադառնալով Իրան-Ռուսաստան հարաբերություններին՝ Իրանի ԱԳՆ խոսնակը ասել է, որ Թեհրան-Մոսկվա հարաբերությունները ռազմավարական են, և Իրանը թույլ չի տա, որ որևէ հարց խաթարի այդ հարաբերությունները։