Ինչպես սիրտն ու մնացած օրգանները, հնարավոր կլինի թվայնացված տեխնոլոգիաներով ուսումնասիրել նաև մարդու հոգեկան ու նյարդային համակարգը: Հերոսների վերականգնողական քաղաքում բացվեց Քյարամ Սլոյանի անվան 3D «Վախերի կառավարման» թվայնացված բուժական սենյակը: Բացման իրավունքը վերապահված էր Քյարամ Սլոյանի մորը և ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Սա շատ կարևոր խորհուրդ է, և ես ուրախ եմ, որ այս դեպքում տեխնոլոգիաներն իսկապես մարդկանց օգնելու համար են՝ հաղթահարելու վախերը, հոգեբանական որոշակի իրավիճակները, և վստահ ենք, որ մեր մասնագետների օգնությամբ այս կենտրոնն ի նպաստ մեր զինծառայողների և այլ շահառուների կգործի:
«Հերոսների վերականգնողական քաղաքի» հիմնադիր Սուրեն Արեենցի խոսքով` համաշխարհային թվայնացված հոգեբանության 3 տեսակի սարքավորում է գործելու. օգտվել են համաշխարհային փորձից:
Սուրեն Արեենց («Հերոսների վերականգնողական քաղաքի» հիմնադիր) - Պատերազմից հետո փորձը ցույց տվեց, որ, բարեբախտաբար, ամպուտացված զինվորների քանակը շատ ավելի քիչ էր, բայց, դժբախտաբար, հոգեկան ու հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց թիվը շատ ավելի մեծ է: Այդ պատճառով խնդիր առաջացավ տղաներին շատ ավելի արագ բուժում տալ, որովհետև առանց թվայնացված սարքավորումների՝ այդ բուժումը կարող է տևել տարիներ:
Այս սարքավորումների միջոցով կարելի է ունենալ 80 տոկոս և ավելի ճշգրտություն՝ բուժման ընթացքում չվնասելով պացիենտին: Բուժվողը կարող է նույնիսկ թվայնացված տարբերակով ունենալ «իր հոգու պատմությունը»:
Սուրեն Արեենց - Մենք ամեն անգամ կախված չենք լինի հոգեբանի պրոֆեսիոնալիզմից կամ ոչ պրոֆեսիոնալիզմից: Իհարկե, հոգեբաններն էլ են այստեղ կարևոր, նրանք էլ են լիցենզավորված, բայց ամեն անգամ նոր հոգեբանի մոտ գնալիս այդ մարդու հոգին փորփրելու կարիք չի լինի:
«Հերոսների վերականգնողական քաղաքի» ավագ հոգեբան Լիանա Թերզյանը բացասական չի գնահատում հոգեբանի դերի նվազեցումը. հոգեբանն ամեն դեպքում սուբյեկտիվ գնահատական է տալիս, իսկ սարքավորումը՝ ոչ:
Լիանա Թերզյան («Հերոսների վերականգնողական քաղաքի» ավագ հոգեբան) - Այս տարբերակում, օրինակ, VR տեխնոլոգիայի շնորհիվ մենք կարողանում ենք ակտիվացնել վախը այստեղ ու հիմա, այսինքն՝ երբ տղայի մոտ ակտիվանում է պատկերը, նախ ինքը միայնակ չէ, հոգեբանի հետ է, հետո՝ մենք հատուկ ծրագրով այստեղ ու հիմա ակտիվացնելով վախը՝ կարող ենք հենց տեղում այն հաղթահարել:
Կենտրոնն այս պահին ունակ է սպասարկել ամսական մինչև 200 զինվորի, քանի որ ստացիոնար բուժման շենք դեռ չունեն, բայց շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո կունենան ամսական մինչև 500 շահառու ընդունելու հնարավորություն, որոնցից 50-ը կկարողանան նաև գիշերել կենտրոնում: Խնդիր է դրված սպասարկել և օգնություն ցույց տալ բոլոր պատերազմների ընթացքում խնդիրներ ձեռք բերած անձանց: