Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովին անդամ վեց երկրների առաջնորդների հանդիպումը տեղի ունեցավ Կրեմլում, ղեկավարներն առանձին շփվեցին նաև աշխատանքային նախաճաշի ձևաչափով:
Հայաստանն այս տարի անվտանգության հարցերով միջազգային կազմակերպությունում նախագահող երկիր է: Հայաստանի՝ իր նախագահության ժամանակահատվածում ձևակերպած առաջնահերթությունները նախևառաջ ներառում են ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացումը և կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև կենսաբանական սպառնալիքներին դիմակայումը:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները ժամանել են Մոսկվա` Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի շրջանակներում: Կրեմլում ղեկավարների դիմավորումից հետո ավանդական լուսանկարման արարողությունն էր:
ՀԱՊԿ-Ը ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ԴԵՐ ՈՒՆԻ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահ Պուտինը մասնակիցներին ողջունեց և հույս հայտնեց, որ կազմակերպությունը կշարունակի զարգանալ` անկախ ներկա բարդ իրավիճակից: Կառույցը, նրա գնահատմամբ, հետխորհրդային տարածքում կայունացնող դերակատարում ունի:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Անցած տասնամյակների ընթացքում ՀԱՊԿ-ը ամրապնդվել է՝ ձեռք բերելով արդյունավետ տարածաշրջանային պաշտպանական կառույցի հեղինակություն, որն ապահովում է եվրասիական տարածքում անվտանգությունն ու կայունությունը, հուսալի պաշտպանում է մասնակից երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ռուսաստանը նախատեսում է ընդլայնել և ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ երկրների հետ: Պուտինը հայտարարեց, որ փակ ռեժիմով ՀԱՊԿ-ի գործընկերներին մանրամասն կտեղեկացնի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին:
ՀԱՊԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀԱՊԿ ղեկավարների բաց հանդիպմանը կազմակերպությունում խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձավ կառույցի 20-ամյա գործունեությանը՝ շեշտելով, որ այն Եվրասիական տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործոն է: Հայաստանի վարչապետը չշրջանցեց նաև կառույցի գործունեության ընթացքում արձանագրված խնդիրները:
Արձագանքելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ՀԱԿՊ անդամ երկրները ներկայիս միջազգային զարգացումների պայմաններում ոչ բավարար միասնականություն են դրսևորում` Փաշինյանը՝ հիշեցրեց, որ տարբեր խնդիրների հետ կապված միասնական դիրքորոշում որդեգրելու անհրաժեշտության խնդիրը Հայաստանը բազմիցս է բարձրացրել: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կատարելագործել նաև ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմները:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Անցյալ տարի՝ հենց այս օրերին, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, որպեսզի գործի դրվեն այն մեխանիզմները, որոնք նախատեսված են կառույցի 2010 թ. դեկտեմբերի 10-ի դրույթներով՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման համար, սակայն, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՄԱԴՐԵԼ ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց համադրել ՀԱՊԿ երկրների մոտեցումները միջազգային հարթակներում: Հաճախ ՀԱՊԿ պետությունները տարբեր կերպ են քվեարկում առանցքային հարցերի շուրջ, և դա խնդրահարույց է կառույցի համար՝ հայտարարեց Հայաստանի վարչապետը: Այս հարցին դեռ պետք է վերադառնալ՝ շեշտեց նա։
Նիկոլ Փաշինյան - Հայաստանը երկար ժամանակ բարձրացրել է մի խնդիր, որը վերաբերում է ՀԱՊԿ անդամ որոշ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքին։ Այդ զենքը, ի վերջո, օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Դա նույնպես խնդիր է: Անկեղծ ասած` 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀԱՊԿ որոշ անդամ երկրների արձագանքները այնքան էլ չեն ուրախացրել Հայաստանին և մեր ժողովրդին: Սակայն ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և անձամբ Վլադիմիր Պուտինի հատուկ դերակատարումը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման գործում:
Վարչապետն ընդգծեց նաև, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ընդունված բոլոր եռակողմ հայտարարությունների դրույթներին:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ. ԶԱՍԸ՝ ՀԱՊԿ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նիստի ավարտից հետո լրատվամիջոցների համար հայտարարությունով հանդես եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակին` նա ընդգծեց, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային որոշակի դրական դինամիկային, լարվածությունն ընդհանուր առմամբ պահպանվում է, իսկ հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվում են զինված միջադեպեր:
Նրա խոսքով՝ կայունության ապահովման հարցում առանցքային դերակատարում ունեն ռուս խաղաղապահները, որոնք ապահովում են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների անկատարությանը, ինչի մասին բարձրաձայնեց նաև Հայաստանի վարչապետը, Զասը շեշտեց՝ նախատեսվում են բարելավումներ:
Ստանիսլավ Զաս (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար) - Այսօր այդ հարցը քննարկվել է, այդ թվում` հանդիպման երկրորդ հատվածում: Ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ մեծ թվով առաջարկներ են ներկայացվել, այդ թվում՝ Հայաստանից: Համակարգն ընդհանուր առմամբ գործուն է, սակայն, այո՛, որոշ հարցեր ստիպված ենք եղել կարգավորել անձամբ միջամտելով: Այդպես չպետք է լինի:
Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի կապակցությամբ կառույցի անդամ երկրների ղեկավարներն ընդունեցին նաև համատեղ հայտարարություն, որն անդրադառնում է կառույցի առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդիական խնդիրների: