ՀՀ վարչապետի ելույթը ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը
Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ Մոսկվայում ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար: Իհարկե, մեր կազմակերպության հոբելյանը նաև շատ լավ առիթ է որոշ արդյունքներ ամփոփելու և մեր կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար:
Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոն շատ կարևոր հարցեր բարձրացրեց ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ: Բելառուսի նախագահն անդրադարձավ բավական խնդրահարույց հարցերի: Բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ շատ է դրականը, որովհետև ՀԱՊԿ-ն իրապես եղել է, կա և կլինի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործոնը։ Բայց, ինչպես արդեն տեսնում ենք, այսօրվա հոբելյանական գագաթնաժողովին մենք քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, քանի որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը բավական լարված է։ Ես ցանկանում եմ անդրադառնալ մի շարք հարցերի, որոնց մասին խոսեց Բելառուսի նախագահը։
Ինչ վերաբերում է մեր կազմակերպության անդամ երկրների քվեարկություններին, իհարկե, նման խնդիր կա։ Հաճախ մեր քվեարկություններն այնքան էլ ներդաշնակ չեն, բայց պետք է նկատել, որ սա նոր հարց չէ։ Դա երկար ժամանակ ուղեկցում է մեր կազմակերպությանը։ Հայաստանը բազմիցս բարձրաձայնել է այդ հարցը, մենք աշխատանքային կարգով բազմիցս այն քննարկել ենք։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ այդ հարցը հետագա քննարկման կարիք ունի։
ՀԱՊԿ-ը 2021 թ. մայիսին Հայաստան Ադրբեջանի ներխուժմանը չարձագանքեց այնպես, ինչպես ակնկալվում էր. Փաշինյան
Ինչ վերաբերում է արագ արձագանքման շուրջ փոխգործակցությանն ու դրա մեխանիզմներին, ապա դա նույնպես շատ կարևոր հարց է Հայաստանի համար, քանի որ, ինչպես գիտեք, անցյալ տարի հենց այս օրերին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, որպեսզի գործի դրվեն այն մեխանիզմները, որոնք նախատեսված են կառույցի 2010 թ. դեկտեմբերի 10-ի «Ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ-ի արձագանքման կանոնակարգի» դրույթներով՝ փաստաթուղթ, որը հաստատվել էր Հավաքական անվտանգության խորհրդի կողմից: Սակայն, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը:
ՀԱՊԿ երկրների կողմից վաճառված զենքն օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ. Փաշինյան
Երկար ժամանակ մենք բարձրացրել ենք ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամական երկրին զենք վաճառելու հարցը, որը, ի վերջո, այդ զենքն օգտագործեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Դա էլ է խնդիր։ Անկեղծ ասած, 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո ՀԱՊԿ որոշ անդամ երկրների արձագանքներն այնքան էլ չեն ուրախացրել Հայաստանին և մեր ժողովրդին: Սակայն ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ դերակատարումը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման գործում:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին։
Հայաստանը ՀԱՊԿ-ը համարում է Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևոր գործոն. Փաշինյան
Արդյունքներն ամփոփեըն, իսկապես, շատ կարևոր է և լավ: Հայաստանը՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ, հավատարիմ է կազմակերպության հետագա զարգացմանը և այն համարում է Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համար առանցքային գործոն, և դրական է տրամադրված կազմակերպության հետագա զարգացմանն ամբողջ ծավալով աջակցելուն: