Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կանցկացնի հետազոտություն՝ պարզելու կոռուպցիայի, դրա պատճառների ու հետևանքների վերաբերյալ ընկալումներն ու պատկերացումները: Հետազոտությունն արվելու է մայիսի վերջին՝ Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ:
Սասուն Համբարձումյան (ԿԿՀ կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ) - Սա կնպաստի հետագայում մեր գործունեության ընթացքում հասկանալու, թե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում բարեվարքության ինչպիսի ծրագրեր, գործառույթներ պետք է իրականացվեն, որպեսզի ընդհանուր կարողանանք սպասարկել քաղաքացիների շահերը, ցանկությունները և նպատակները:
Հարցումն իրականացվելու է հանրային պաշտոն զբաղեցնող մոտ 3000 անձանց շրջանում, որոնց աշխատանքն ուղղակի կամ անուղղակի առնչվում է պետական գնումների գործընթացին, ունեն ֆինանսական որոշակի գործառույթներ՝ վարչապետի աշխատակազմին ենթակա մարմիններ, նախարարություններ, մարզպետարաններ, համայնքներ: Յուրաքանչյուր պետական գերատեսչության մասնակցության թիրախային շեմը կազմելու է նվազագույնը 30%:
Սասուն Համբարձումյան - Աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար մեզ աջակցելու են բարեվարքության կազմակերպիչները: Այն մարդիկ են, որոնք գերատեսչություններում մարդկային ռեսուրսների կառավարման բաժիններում ունեն բարեվարքության կազմակերպիչներ, սա նոր հաստիք է, աշխատանք է, իրենց համար հետաքրքիր փորձություն է:
2021-ին ուսումնասիրվել է հանրային կարծիքը՝ երկրում հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնող ինստիտուտների վերաբերյալ: Արդյունքն ամփոփման փուլում է: Հիմա կփորձեն հասկանալ պետական պաշտոնյաների մոտեցումը կոռուպցիոն երևույթների և դրսևորումների մասին: Հարցումն առցանց է լինելու:
Սասուն Համբարձումյան - Հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնող ո՞ր ինտիտուտներն են առավել ծանոթ, ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է այդ խնդիրները հաղթահարեն, ի՞նչ խնդիրներ կան դրանք վերացնելու՝ այո, ոչ, չգիտեմ, իրենց դիրքորոշումն են հայտնելու: Իրենց կուղարկվի հղում, մուտք են գործելու իրենց համակարգչից այդ հղմամբ, լրացնելու են հարցաշարը, չի նշվելու պաշտոնյայի անձնային տվյալները:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում: Երկու հարցման տվյալները համադրելով՝ հանձնաժողովն ակնկալում է առավել համակողմանի և արդյունավետ կազմակերպել կոռուպցիայի կանխարգելման աշխատանքը: