ՎԵՑ ՀԱՅ ԱՆՑԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են. երկրի նորընտիր խորհրդարանում 6 հայ պատգամավոր կլինի, նրանցից 3-ը Հայ Հեղափոխական դաշնակցության թեկնածուներն են, մեկը Հնչակյան կուսակցությունից է, խորհրդարան անցած հայազգի պատգամավորներից 2-ն անկուսակցական են:
Մայիսի 15-ին կայացած ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 41.04%-ը: Նախնական տվյալով՝ երկրի ամենամեծ շիա կուսակցության՝ «Հեզբոլլահի» դաշնակից «Ազատ հայրենասիրական շարժում» քրիստոնեական կուսակցությունն իր տեղը զիջել է Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող «Լիբանանյան ուժեր» կուսակցությանը: «Լիբանանյան ուժերը» կստանա պատգամավորական 20 մանդատ, մինչդեռ նախորդ ընտրություններում ուներ 15-ը,«Ազատ հայրենասիրական շարժումը» զբաղեցնելու է 16 տեղ խորհրդարանում, նախկինում ուներ 18-ը, շիա «Ամալ» շարժումը զբաղեցնելու է 17, իսկ «Հեզբոլլահը»՝ 13 տեղ:
«Հեզբոլլահի» համար ընտրությունների արդյունքը մեծապես տարբերվել է խորհրդարանական նախորդ ընտրություններում գրանցած հաջողությունից. այն ժամանակ «Հեզբոլլահը» օրենսդիր մարմնում ստացել էր 71 մանդատ:
Ընտրությունների նախնական արդյունքները հայտարարել է Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ Մաուլավին: Նրա գնահատականով՝ ընտրությունները հաջող են անցել: «Սա ազգային տոն է: 2,5 տարի փողոցներում անարդարության կառավարության դեմ ուղղակիորեն դիմակայելուց հետո, վերջապես, մենք բռնեցինք փոփոխությունների ճանապարհը»,- հայտարարել է նախարարը:
ՄԱՐԻՈՒՊՈԼԻՑ ՏԱՐՀԱՆՎԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
Մարիուպոլի պաշարված նավահանգստի ուկրաինական հենակետում պահվող վերջին ուժերը երեկ տարհանվել են, ըստ երևույթին՝ քաղաքը զիջելով Ռուսաստանին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, Ուկրաինայի զինված ուժերը, Ազգային գվարդիան և սահմանապահ ծառայությունը համատեղ ձեռնարկել են «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված Մարիուպոլի պաշտպաններին փրկելու գործողությունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսվել է նաև ուկրաինացի զինվորականների տարհանումը շրջափակման մեջ գտնվող «Ազովստալ» գործարանից:
Ուկրաինական կողմի տվյալով՝ երեկ բացված հումանիտար միջանցքներով ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության Նովոազովսկի հոսպիտալ է տարհանվել 53 ծանր վիրավոր զինծառայող, ևս 211 հոգի տեղափոխվել է Օլենիվկա։ Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ ամեն բան անելու են ուկրաինացի զինվորներին հետ վերադարձնելու համար:
ԱՄՆ-Ն ՈՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ
Ուկրաինային շարունակական աջակցության պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ նախագահն ու Հունաստանի վարչապետը մայիսի 16-ին կայացած հանդիպման ընթացքում: Ջո Բայդենն ու Կիրիակոս Միցիտակիսը քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը պաշտպանության, առևտրի, ներդրումների ոլորտում: Ղեկավարներն ընդգծել են, որ Միացյալ Նահանգների և Հունաստանի միջև հարաբերություններն ուժեղ են ինչպես երբեք, և նշել են ժողովուրդների միջև ամուր կապերը:
Հունաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները «քննարկել են իրադարձություններն Արևելյան Միջերկրականում և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ընդհանուր ջանքերը, ներառյալ Էներգետիկ անվտանգությանը, կլիմայի փոփոխությանը և ժողովրդավարության սպառնալիքներին վերաբերող հարցեր»:
ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՄԱՄՈՒԼԻ ՆՈՐ ԽՈՍՆԱԿ ՈՒՆԻ
Սպիտակ տունը մամուլի նոր խոսնակ ունի: Կարին Ժան-Պիեռը լրագրողների հետ իր առաջին հանդիպումը սկսել է տարօրինակ խոստովանությամբ և ներողություն խնդրելով։ Ժան-Պիեռն առաջին ճեպազրույցից ուշացել է, ինչի համար ստիպված ներողություն է խնդրել: Դրանից հետո Սպիտակ տան խոսնակը հայտարարել է՝ «Ես սևամորթ եմ, միասեռական, ներգաղթյալ կին. երեք առումով էլ առաջինը, որ զբաղեցրել է այս պաշտոնը: Ես այսօր այստեղ չէի լինի, եթե չլինեին ինձնից առաջ պատնեշ կոտրող մարդկանց սերունդները»,- եզրափակել է Ժան-Պիեռը:
ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՓԱԹԵԹԸ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ
Եվրամիության երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը՝ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Ես ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ այն հարցերը, որոնք մնացել է լուծել, զուտ տեխնիկական և տնտեսական բնույթ են կրում»,- նշել է դիվանագետը:
Նա խոստովանել է, որ դժվարությունները կապված են ռուսական նավթի ներմուծման էմբարգո սահմանելու մտադրության հետ: Ինչ վերաբերում է պատժամիջոցների նոր փաթեթի հաստատման ժամկետներին, Բորելը հայտարարել է, որ չգիտի, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համաձայնեցման համար:
Պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ Խորհուրդը արտգործնախարարների մակարդակով չի քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար երկրներին ֆինանսական փոխհատուցում վճարելու հնարավորությունը:
Անդրադառնալով Արևմտյան Բալկանների երկրներին՝ Բորելն ընդգծել է, որ Եվրամիության համար անթույլատրելի է Ռուսաստանի նկատմամբ նրանց չեզոք դիրքորոշման պահպանումը: Նա հիշեցրել է, որ բոլոր երկրները, որոնք հավակնում են անդամակցել Միությանը, պետք է ներդաշնակեցնեն իրենց արտաքին քաղաքականությունը Բրյուսելի հետ: