Ալլա Բերբերյան (ԳՄՀԸ «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի թիմի ղեկավար) - Արդուկ, հեռախոս, մի շարք տարօրինակ իրեր:
Սառնարան, սննդամթերք, անիվ... Սևանա լիճ թափվող գետերից դուրս բերված կենցաղային կոշտ թափոններն է թվարկում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի թիմի ղեկավարը:
Ալլա Բերբերյան - Հավաքվեց մոտ 376 տոննայից ավելի կոշտ կենցաղային թափոն, 1700 կգ թափոն պլաստիկ և ապակի ուղարկվեցին վերամշակման:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» արձագանքման ծրագիրը, որն աջակցում էր Գեղարքունիքի մարզում ՔՈՎԻԴ-19-ի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված Հայաստանի Կառավարության միջոցառմանը, իրականացվել է հիմնականում 2021-ի գարնանն ու ամռանը: Ներառել են մարզի 25 բնակավայր, կարճաժամկետ աշխատանքով է ապահովվել 1012 բնակիչ, որոնք գետերի ափամերձ հատվածներում իրականացրել են տնկման և մաքրման աշխատանքներ:
Ալլա Բերբերյան - Տնկվել է ավելի քան 1մ լն ուռենու և բարդու կտրոն 6 գետերի ափամերձ հատվածներում, և կպչողականությունը բավական բարձր էր, կարևոր է կայունության ապահովումը, որ կտրոնները ծառեր դառնան, ու գետերը էլի չաղտոտվեն:
Գետերի ընդհանուր 305 կմ երկարությամբ ափերին տնկվել են ուռենու կտրոններ: Թե այս 1 մլն կտրոնից քանիսը կդառնան մեծ ծառ ու կփոխեն միջավայրը՝ կախված է տեղի բնակիչներից: Հորդորում են՝ ուռենու տնկատարածքները զերծ պահել խոտհնձից ու կենդանիների արածեցումից:
Ի դեպ, այդ տարածքները որոշվել ու քարտեզագրվել են մասնագետների հետ տևական քննարկում-ուսումնասիրությունների արդյունքում:
Ալլա Բերբերյան - Ծրագրի գործընկերներն են նախարարությունները, նաև մեծ մասնագիտական թիմ է ներգրավված եղել, 4 հասրակական կազմակերպություն և փորձագետներ:
Մաքրման աշխատանքներ այս ծրագրով թեպետ ընթացիկ տարում նախատեսված չեն, բայց կրթական ծրագրերով են բնակչությանը սովորեցնում՝ աղբի տեղը գետի ջրում չէ: Ավելին՝ թափոնը կարող է ոչ միայն չվնասել բնությանը, այլև երկրորդ կյանք ունենալ:
Օրինակ՝ մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզի երեխաները Երևանի բուսաբանական այգում իրենց օրինակով են այդ ամենը ցույց տալու՝ ներկայացնելով, թե ինչ են պատրաստել իրենց տան հարևանությամբ հոսող գետերից դուրս բերված թափոններից: Թափոնարվեստ կոչվող այդ միջոցառմանը նաև կկարողանան վաճառել այդ իրերը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան