Իշխանությունը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում արձագանքել է ՀԱՊԿ-ի գործողություններին՝ անդրադառնալով վարչապետի՝ Կրեմլում արած հայտարարություններին «Ֆակտոր Թի Վի»-ին տված հարցազրույցում նշել է Ազգային ժողովի նախագահը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ Ազգային ժողովի նախագահ) - Մեր առաջարկները, հաշվի առնելով էն փաստը, որ մենք ղեկավարող երկիր ենք, այդ կազմակերպություններում կան և գործելաոճը ձեր իսկ բերած օրինակով ակնհայտ է, որ մենք որևիցե բանից ո՛չ քաշվում ենք, ո՛չ էլ համարում ենք, որ որևէ բան պետք է չասենք՝ այս կամ այն կողմին դուր գալու համար:
Սահմանազատման հանձնաժողովի ձևավորումն ընթացքի մեջ է: Թե ո՛վ է ղեկավարելու Հայաստանի աշխատանքը հանձնաժողովում՝ խորհրդարանի նախագահը չի մանրամասնել, բայց և չի բացառել, որ այդ անձը կարող է փոխվարչապետներից մեկը լինել: Խոսելով ընդդիմադիր գործիչների խորհրդարան չգալու մասին՝ Սիմոնյանը նշել է՝ օրենքով սահմանված կարգով նստաշրջանի ավարտից հետո կարող է նրանց մանդատից զրկելու հարցը քննարկման դնել խորհրդի նիստում:
Ալեն Սիմոնյան - Պատգամավորներն անցել են այն գիծը, որը թույլատրելի է բացակայության համար: Հիմա այլ հարց է, մենք կքննարկենք, թե արդյոք դա կարելի՞ է հարգելի համարել, թե՞ ոչ, և դրանից հետո որոշում կկայացվի, և, վստահ եմ՝ կգնանք օրենքի ճանապարհով:
Իշխանությունն իշխանափոխության վտանգ ո՛չ այսօր, ո՛չ էլ 20 օր առաջ չի տեսել ու չի տեսնում՝ հավաստիացրել է Ալեն Սիմոնյանը: Նրա կարծիքով՝ ընդդիմությունը ժողովրդին առաջարկ չունի:
Ալեն Սիմոնյան - Իրենց երջանկությունը, իրենց նպատակը այսօր, որ մենք սխալ քայլ անենք, մարտի 1 անենք, Ռոբերտ Քոչարյանն ուզում է՝ մեզ փաստի առաջ կանգնացնի, որովհետև ինքն իր մեջ արդարացում ունի, ինչ ա՝ մարտի 1 արել Սերժ Սարգսյանի հետ, ուզում ա ասի՝ բա դուք էդ իրավիճակում ինչ կանեք, կարա՞ք՝ մարտի 1 մի արեք: Իրանք պարտվելու են:
Գնահատելով այս օրերին ոստիկանների գործողությունները՝ Ալեն Սիմոնյանը նշել է՝ քաղաքացու ուղղությամբ որևէ մահակ, փամփուշտ կամ փշալար չի օգտագործվել, և հիշեցրել՝ բռնություն կիրառած ոստիկանների գործերով ծառայողական քննություններ են ընթանում: