Հաշվի առնելով վերջին շրջանում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների և իրավախախտումների թվի աճը, ինչպես նաև քաղաքացիների սահմանադրական իրավունքները, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Արցախի նախագահի՝ Անվտանգության խորհրդի նիստում տված
հանձնարարությամբ, ՆԳ նախարարի կարգադրություններով և Արցախի ոստիկանության պետի հրամանով, Արցախի ողջ տարածքում կազմակերպվում և իրականացվում են հատուկ միջոցառումներ։ Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում:
«Ճանապարհային ոստիկանությունը` համատեղ քրեական հետախուզության և Ստեփանակերտ քաղաքի վարչությունների, շրջանային բաժինների և Արցախի ԱԱԾ ծառայողների, ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածներում` պարեկային ծառայությունն իրականացնում է ուժեղացված ռեժիմով, որի շրջանակներում կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում են ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին կամ հիմնավոր կասկածների առկայության դեպքում»,- նշված է գրառման մեջ։