Այս տարվա առաջին 4 ամիսներին հանրապետությունում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների մոտ 2000 դեպք՝ 1.4 անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Աղիքային վարակիչ հիվանդություններն ունեն սեզոնային բնույթ, ակտիվանում են տաք եղանակին:
Ներսես Գրիգորյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ բժիշկ-համաճարակաբան) - Սա կապված է նրա հետ, որ տաք շրջանը նպաստում է հիվանդությունների հարուցիչների բազմացմանը և աճմանը, որի հետևանքով էլ և դեպքերն են շատանում:
Լավ չլվացված սննդամթերքից մինչև պահպանման պայմանների խախտումներ, աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումները տարածվում են սննդի ու ջրի միջոցով: Մասնագետների հորդորն է՝ առաջնային ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային. խուսափել չնախատեսված վայրերում վաճառվող սննդամթերք գնելուց:
Ներսես Գրիգորյան - Հիվանդությունը հիմնականում ընթանում է ստամոքսաղիքային տրակտի վնասումով, արտահայտվում է հիմնականում թուլությամբ, ջերմության բարձրացումով, փսխումներով, լուծով:
Այս ախտանշանների համադրումը ցույց է տալիս, որ մարդը վարակվել է աղիքային հիվանդությամբ, և անհրաժեշտ է դիմել բժշկի, այլ ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվել՝ դեղամիջոցներ օգտագործելով:
Ներսես Գրիգորյան - Դրանց ոչ ճիշտ օգտագործումը կարող է նաև հանգեցնել այլ բարդությունների, օրինակ՝ դեղակայուն աղիքային վարակների զարգացմանը:
Բժիշկը հիշեցնում է՝ աղիքային վարակիչ հիվանդություններն առավել հաճախ նկատվում են երեխաների, տարեցների ու քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց մոտ, որոնք ունեն թույլ իմունային համակարգ: