ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպման ժամանակ քննարկվել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը վերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։
Քննարկվել են նաև նավթի վերամշակման, բիտումի, բիտումի գնի հետ կապված հարցեր։
Նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, սակայն բիտումի գնի հետ կապված փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջ բերել։ Նախարարը նկատել է՝ ցանկալի կլիներ, որ բիտումը Հայաստան հասցվեր ավելի մատչելի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրրքություն ներկայացնող այլ հարցեր։
Կողմերը հանդիպումը գնահատել են որպես դրական և կառուցողական»,- նշված է գրառման մեջ։