ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ կազմակերպված «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով, խրախուսական նվերներով և առաջնության տոմսերով:
Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Մրցույթը նախատեսված էր 10-25 տարեկան պատանիների և երիտասարդների համար: Մրցույթի նպատակն էր նպաստել բռնցքամարտ մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում բռնցքամարտի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:
Նախարար Վահրամ Դումանյանը ողջույնի խոսքում նշել է. «Շնորհավորում եմ հաղթողներին: Սա մրցույթ-մարզանք էր, ինչի շնորհիվ հնարավորություն ունեցանք թարմացնելու մեր անվանի բռնցքամարտիկների նվաճումներին առնչվող հիշողությունը: Ձեր այս փոքրիկ հաղթանակն ու դրա հետ կապված դրական էներգիան փոխանցենք մեր հավաքականին՝ հաջողություն մաղթելով նրանց»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մրցույթի միջոցով նոր գիտելիքներ և աշխարհայացքի նոր շերտ ստանալու երևույթը, քանի որ դրա շնորհիվ մասնակիցներն անպայման ստացել են այնպիսի տեղեկատվություն, որ գուցե չգիտեին կամ նախկինում այդ մասին չէին մտածել, բռնցքամարտով չէին հետաքրքրվել. «Սա նաև ձեզ կուղղորդի, որ շատ ավելի ուշադիր լինեք ու տեսնեք՝ այդ ոլորտում ինչ է կատարվում, մարդիկ ինչ հաջողություններ են ունենում և ինչ դժվարությունների միջով են անցնում, որպեսզի իրենց հաղթանակներն ամրագրեն: Այս պարագայում, երբ մենք պատրաստվում ենք հյուրընկալել Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, կարծում եմ՝ սա շատ ավելի կարևոր է, քանի որ դա իսկապես շատ մեծ իրադարձություն է մեր կյանքում»:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Երևանում սպասվելիք մարզական մեծ իրադարձությանն ու դրա կարևորությանը. «Դա, բացի սպորտ լինելուց, կարծում եմ՝ նաև մեծ իրադարձություն է ցանկացած երկրի կյանքում: 30-ից ավելի երկրներից մարզիկներ ու պատվիրակություններ են մեզ այցելելու: Հուսով եմ՝ կօգտվեք տոմսերից, ներկա կլինեք Եվրոպայի առաջնությանն ու կաջակցեք մեր թիմին: Վստահ եմ՝ անկախ նրանից՝ սպորտով հետաքրքրված եք, թե՝ ոչ, նմանօրինակ մեծամասշտաբ իրադարձությանը ներկա գտնվելով՝ հետաքրքիր և անմոռանալի ակնթարթներ կապրեք»:
Մրցույթի հաղթող մասնակիցներից Աննա Ավետյանն առաջինն էր պատասխանել հայ լեգենդար բռնցքամարտիկ, Մելբուռնի 1956 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մասին հարցին: Աննան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի է: Ասում է՝ հստակ է իմացել պատասխանն ու վստահ էր, որ ճիշտ է պատասխանել, իսկ մեր հավաքականին հաջողություն և մեդալային հավաքածու է մաղթում Եվրոպայի առաջնությունում. «Ապագա մարզական լրագրող եմ ու ինչ-որ չափով տեղեկացված եմ նաև բռնցքամարտից: Բավականին հետաքրքիր հարցեր էին ընտրված: Ինչ վերաբերում է մեր հավաքականին, ապա միանշանակ հաջողություն եմ մաղթում մեր թիմին: Թող հենց մեր երկրում մեր դրոշը բարձր պահեն»:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: