Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը մայիսի 17-ին հանդիպել են ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ:
Կարևորվել է կառույցի աջակցությունն ԱԺ մշտական հանձնաժողովներին, փորձագիտական կենտրոնին: Քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանը, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելուն առնչվող հարցեր:
Արուսյակ Ջուլհակյանը խոսել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներից, ներկայացրել առաջնահերթությունները: Նա կարևորել է ժողովրդավարական երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովի գործունեության ուսումնասիրումը: Պատգամավորի օրենսդրական աշխատանքին աջակցելու հարցում ընդգծվել է հանձնաժողովների փորձագետների և պատգամավորների օգնականների կարողությունների շարունակական զարգացումը:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակն էլ ավելի բարձրացնելուն ուղղված քայլերի վերաբերյալ:
Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է հանձնաժողովի վերահսկողական գործառույթին, նշել, որ հետևում են` ինչպես է կյանքի կոչվում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրներին: Քննարկվել են գերիների և անհետ կորածների, ինչպես նաև նրանց ու զոհվածների հարազատներին և պատերազմի հետևանքով տեղահանված անձանց ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցերը:
Կարևորվել է հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղ այցելելու և հումանիտար խնդիրները տեղում արձանագրելու անհրաժեշտությունը: