2021 թ. դեկտեմբերին ձևավորված «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը պահանջված և հեռանկարային մեխանիզմ է: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
«Մենք նախատեսում ենք ակտիվորեն օգտագործել այս ձևաչափը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության զարգացման համար։ Նման համագործակցության տրամաբանությունը ենթադրում է կոլեկտիվ քննարկել այն հարցերը, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում, չեն սրում քաղաքական հակասությունները և նպաստում են փոխվստահության բարձրացմանը»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ գործընթացը բարենպաստ պայմաններ է ստեղծում առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացման միջոցով Երևանի և Բաքվի, Երևանի և Անկարայի միջև երկխոսության հաստատման համար:
Ռուդենկոն հայտնել է, որ ընթանում են ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները. ակնկալվում է այն անցկացնել մինչև տարվա առաջին կիսամյակի ավարտը:
Անդրադառնալով տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ ՌԴ փոխարտգործնախարարն ասել է, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել, և առաջիկայում հնարավոր է հստակ որոշման ընդունում, որը թույլ կտա ձեռնամուխ լինել տարածաշրջանում հստակ նախագծերի իրականացմանը։
Ռուդենկոն հավելել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մշտական կապի մեջ են, անհրաժեշտության դեպքում հանդիպում կկազմակերպվի: