Եվրամիության երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Ես ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ այն հարցերը, որոնք մնացել է լուծել, զուտ տեխնիկական և տնտեսական բնույթ են կրում»,- նշել է դիվանագետը:
Նա խոստովանել է, որ դժվարությունները կապված են ռուսական նավթի ներմուծման էմբարգո սահմանելու մտադրության հետ: Ինչ վերաբերում է պատժամիջոցների նոր փաթեթի հաստատման ժամկետներին, Բորելը հայտարարել է, որ չգիտի, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համաձայնեցման համար:
Պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ Խորհուրդը արտգործնախարարների մակարդակով չի քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար երկրներին ֆինանսական փոխհատուցում վճարելու հնարավորությունը:
Անդրադառնալով Արևմտյան Բալկանների երկրներին՝ Բորելն ընդգծել է, որ Եվրամիության համար անթույլատրելի է Ռուսաստանի նկատմամբ նրանց չեզոք դիրքորոշման պահպանումը: Նա հիշեցրել է, որ բոլոր երկրները, որոնք հավակնում են անդամակցել Միությանը, պետք է ներդաշնակեցնեն իրենց արտաքին քաղաքականությունը Բրյուսելի հետ: Բորելի խոսքով՝ ԵՄ հակառուսական միջոցառումներին հիմնականում միանում են տարածաշրջանի բոլոր երկրները՝ բացառությամբ Սերբիայի:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում սկսի անդամակցության շուրջ բանակցությունները Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ, քանի որ դրա ձգձգումը խիստ վնասում է ԵՄ իմիջին: