Արեգ Գալստյան (թեյեր արտադրող ընկերության ներկայացուցիչ) - Ամբողջ արտադրության տեխնոլոգիական մոդելը վերափոխել ենք՝ հաշվի առնելով շուկայի և ենթակառուցվածքից եկող պահանջները:
Հայկական խոտոբույսերի արտադրությամբ ու փաթեթավորմամբ զբաղվող ընկերությունը կարճ ժամանակում կարողացել է տարեկան 30-40 տոկոսով ավելացնել արտահանման ծավալները: Դա հնարավոր է եղել պետական դրամաշնորհի արդյունքում: Կաթնամթերքի, հյութերի, չրի արտադրությամբ զբաղվող 99 վերամշակող ընկերություն «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շնորհիվ հնարավորություն է ունեցել վերազինել արտադրությունն ու որակական նոր ցուցանիշներ գրանցել:
Դավիթ Մեջլումյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի ղեկավար) - Ծրագրի բաղադրիչի ընդհանուր արժեքը, որ հաշվի է առնում նաև շահառուների համաֆինանսավորումը, կազմել է շուրջ 8.8 մլն դոլար: Դա հնարավորություն է տվել, որպեսզի իրանց արտադրանքի ծավալները մեծացնեն, դուրս գան, նաև արտահանման համար շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվել:
Որոշ ընկերություններ նույնիսկ օրգանական հավաստագրով ապրանքներ են արտահանում: Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիրը դեռ կշարունակվի մինչև հոկտեմբեր: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով պետական աջակցությամբ ու համայնքների մասնաբաժնով ավելի քան 37 մլն դոլարի շրջանակում հնարավոր է եղել 130 հազար հա հեռագնա արոտավայր ջրարբիացնել, 250 կմ ջրագիծ, կենդանիների փարախներ ու հովվի տնակներ կառուցել, նորոգել ճանապարհներ: Նոր սարքավորումներ են տրամադրվել անասնաբույժներին:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակա) - Վերջին սառնարանները, որ տրվել էին համայնքների անասնաբույժներին, եղել էր 2007 թվականին: Այսօր մեր բոլոր համայնքային անասնաբույժները արդեն զինված են սառնարաններով, և ոչ միայն, այլև համաճարակաբանները:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Ջրարբիացման համակարգերի ֆինանսավորման համար Կառավարությունը ֆինանսավորել է շուրջ 5.5 մլրդ դրամ, իսկ վերամշակող կազմակերպություններին օժանդակելու նպատակով դրամաշնորհների տեսքով Կառավարության օգնությունը եղել է շուրջ 2 մլրդ դրամ:
Կառուցվել են անասնաբուժական կենտրոններ: Անասնաբույժներին տրամադրվել են ավտոմատ ներարկիչներ, մասնագիտական հագուստ, տասը ամենագնաց մեքենա՝ հեռագնա արոտավայրեր գնալու համար: 85 կոոպերատիվի տրամադրվել է 1000 միավոր տեխնիկա: Բարեկարգվել են գիտահետազոտական լաբորատորիաները: Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենը վստահ է՝ Հայաստանը կարող է աշխարհին առաջարկել անգնահատելի սնունդ:
Կարոլին Գեգինատ (ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն) - Ես ինքս տեսնում եմ, որ ծրագրի շրջանակներում արտադրված ապրանքներից շատերն արդեն արտահանվում են, և մենք ցանկանում ենք, որ նման աջակցությունները շարունակական լինեն:
Ծրագրի ավարտը հոկտեմբերին է. որոշ համայնքներում դեռ ջրարբիացման ու փարախների շինաշխատանքներ են ընթանում: