Մաքսատուրքերից ազատման արտոնություններն ավելանում են, արտադրողներին մնացող միջոցները՝ դարձյալ մտնում տնտեսության մեջ: Կառավարությունն ընթացիկ տարվա հունվար-ապրիլին ներդրումային 17 ծրագրի մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել: Ներմուծվող 84 մլրդ դրամ սարքերի դիմաց տրամադրվել է 10.3 մլրդ դրամ արտոնություն, նախատեսվում է 472 նոր աշխատատեղի ստեղծում:
Համեմատության համար՝ 2021-ի նույն ժամանակահատվածում ներդրումային 8 ծրագրի է մաքսատուրքից ազատման արտոնություն տրվել՝ 47.7 մլրդ դրամի սարքավորումների համար՝ 5.5 մլրդ դրամի չափով, 2020-ին՝ 15 ծրագրի՝ 35.5 մլրդ դրամի ապրանքների համար՝ 2 մլրդ դրամի չափով և 2019-ի առաջին 4 ամսում՝ 15 ծրագրի՝ 43.2 մլրդ դրամի սարքավորում ներմուծելու դիմաց 3.3 մլրդ դրամ մաքսատուրքից ազատվելու համար:
Արմեն Եգանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ) - Հիմնականում՝ մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություններ են դիմել, մասնավորապես՝ բետոնի արտադրություն, պահածոների, սննդի արդյունաբերության ոլորտում, արևային պանելների արտադրության ոլորտում, ունենք նաև թեթև արդյունաբերության, մասնավորապես, կոշիկի արտադրության ոլորտում ընկերություններ, որոնք ծրագիր են իրականացնում:
Արտոնությունը տրամադրվում է ընկերություններին՝ որոշակի պարտավորություններ ստանձնելու դիմաց՝ ներդրումներ կամ աշխատատեղերի ստեղծում: Մասնագետների գնահատմամբ՝ կառավարությունը այս գործիքակազմով նպաստում է բիզնես միջավայրի և տնտեսության ակտիվացմանը:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի ավելացել են այդ հայտերի քանակը, և դա նշանակում է ներդրումային հետաքրքրության բարձրացում: Ցուցանիշների ծավալը ինքնին մեծ չէ, սակայն պետք է նկատել, որ աճի միտումը բավականին հուսադրող է:
Ծրագրի մեկնարկից՝ 2015 թվականից մինչև 2022 թվականը, 232 ներդրման ժամանակ Կառավարությունը տրամադրել է մաքսատուրքերի ազատման արտոնություն:
Արմեն Եգանյան - Բավականին լուրջ ներդրումային պարտավորություններ են ստանձնել այդ ընկերությունները՝ մոտ 950 մլրդ դրամի ներդրումներ: Ըստ մեր կողմից իրականացված մոնիթորինգի՝ արդեն այս պահի դրությամբ 320 մլրդ դրամի ներդրումներ են իրականացվել, և ըստ ծրագրերի 14300 աշխատատեղ պիտի ստեղծեին, արդեն իսկ այդ ընկերությունների կողմից ստեղծվել է 13600 աշխատատեղ:
Նախարարությունից վստահեցնում են՝ ծրագրին համապատասխանող որևէ ընկերության չեն մերժում արտոնության տրամադրման հարցում, գործարարից ակնկալվում է կատարել ծրագրով ստանձնած պարտավորությունները, որպեսզի մաքսատուրքերի հրաժարումն արդյունք տա հավելյալ հարկային եկամուտների տեսքով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան