Հովհաննիսյանների ընտանիքը 33 տարի բնակվել է Վանաձորի Սանկտ Պետեբուրգ տնակային ավանում։ Նրանց տարիների երազանքը հիմա արդեն իրականություն է: Այս ու ևս 1 ընտանիքի համար քարաշեն տուն է կառուցվել:
Լիանա Վարդումյան (ծրագրի շահառու) - Շատ ահավոր վիճակ ա, այ հիմա էլ, որ գնաք-տեսնեք... Բայց մենք էդ պայմաններում ապրել ենք։ Ամեն ինչը ամենքս մեր ուժերով, կամ որը ստեղծել են, կարողացել են, ապրել են, կամ որը չեն կարողացել՝ էդ պայմաններում են ապրել, բայց ահավոր խոնավ․ մի խոսքով՝ շատ վատ պայմաններ։
Տիկին Լիանան ասում է՝ վերջապես ապահով տանիք ունենալու իրենց հերթն էլ եկավ: Առաջիկա 5 տարում Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի և «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի գործակցությամբ ևս 18 ընտանիք տնակներից կտեղափոխվի նոր բնակարան։
Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Ունենք բազմաթիվ ընտանիքներ, բնակվում են տնակային ավաններում, և սա մեզ համար առաջնային խնդիր է, որ պետք է լուծենք: Եվ փուլ առ փուլ մենք պիտի էնպես անենք, որ այլևս այն կարգախոսը, որ մենք ունենք՝ Լոռին առանց տնակների, հասնենք դրան։ Ինչպես տեսնում եք, արդեն խոսքից գործի ենք անցնել և արդեն ունենք այս հրաշալի փաստը։ Եվ սա շարունակական բնույթ է կրելու:
Բնակարաններից յուրաքանչյուրի արժեքը շուրջ 14 միլիոն դրամ է, որի մի մասը անհատույց տրամադրում է հիմնադրամը, մյուս մասը անտոկոս փոխառությամբ հատկացվում է շահառուին՝ 10 տարվա մարման ժամկետով: 72 քառակուսի մետր տարածքով բնակարաններն ապահովված են կոմունալ բոլոր հարմարություններով։
Հրահատ Ստեփանյան («ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի տնօրեն) - Առաջին նպատակը՝ տնակները վերացնելը։ Երկրորդը՝ մարդը պետք է վճարունակ լինի որոշակի չափի, որ կարողանա շուրջ 50-55 հազար դրամ ամսական վճար վճարի։ Էդ շատ սկզբունքային հարց ա էս ծրագրի համար։
Կազմակերպիչները հույս ունեն, որ հաջող ընթացքը կապահովվի ծրագրի շարունակականությունը, կլուծվի տնակային ավաններում բնակվող ընտանիքների բնակապահովության խնդիրը, և մարզկենտրոն Վանաձորը կազատվի տնակներից:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան