Իրանի արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարիի և համապատասխան գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստան-Իրան տնտեսական համատեղ հանձնաժողովի արդյունքներն ամփոփող նիստ։
Մեհդի Սաֆարին, անդրադառնալով համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում ունեցած ձեռքբերումներին, նշել է, որ էներգակիրների արտահանման և սվոփի հարցում Երևանի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և այս տարի կանխատեսվում է փոխանակումների 30% աճ։
Նա հայտարարել է, որ տնտեսական բնույթի 18 հարցով հանձնաժողովների նիստեր են անցկացվել. նպատակն է՝ ավելացնել արտահանումը, այդ թվում` ինժեներական ծառայությունների, և դյուրացնել առևտուրն ու տարանցումը մինչև այս տարվա սեպտեմբերի վերջ։
Ռուսաստանը ուշադիր հետևելու է ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևանքներին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու մասին երկրի նախագահի հայտարարության ֆոնին։
«Մենք չենք կարծում, ավելի ճիշտ՝ համոզված չենք, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամրապնդի, կբարելավի մեր մայրցամաքում անվտանգային իրավիճակը»,- պարզաբանել է Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետության միջև տարածքային վեճի։
Պեսկովն անդրադարձել է նաև «Ազովստալի» շուրջ ստեղծված իրավիճակին, մեկնաբանել տեղեկություններն այն մասին, թե գործարանից 10 մարդ է դուրս եկել և հանձնվել ռուսական կողմին։
«Վլադիմիր Պուտինը հրամայել էր չգրոհել գործարանը և արգելափակել արդյունաբերական գոտին՝ հումանիտար նկատառումներից ելնելով, որպեսզի քաղաքացիական անձինք և զենքը վայր դրած զինվորականները կարողանան դուրս գալ այդտեղից»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված մարդկանց դուրս բերելու հարցով բանակցությունները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։
Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ ռուսական ուժերն առաջին անգամ ֆոսֆորային ռումբեր են կիրառել «Ազովստալի» պաշտպանների դեմ։ Պաշտոնական Մոսկվան Ուկրաինայի մեղադրանքներին դեռևս չի արձագանքել։ Նշվում է նաև, որ գործարանում կա շուրջ 1000 մարտիկ, նրանցից 600-ը վիրավոր են, 40-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անշուշտ կազդի Չինաստանի հետ նրա հարաբերությունների վրա, նախազգուշացրել է երկրի արտգործնախարարության խոսնակը։
Չժաո Լիցյանն արձագանքել է նաև Չինաստանին ուղղված՝ «Մեծ յոթնյակի» երկրների կոչին՝ չօգնել Ռուսաստանին և չշրջանցել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։
«Մենք միանշանակ դեմ ենք միակողմանի պատժամիջոցներին, որոնք հաշվի չեն առնում միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի դերը։ Մոսկվայի դեմ արևմտյան սահմանափակումները չեն կարգավորի ուկրաինական հակամարտությունը․ դրանք նոր խնդիրներ կստեղծեն»,- ընդգծել է պաշտոնյան:
Լիցյանը նաև հիշեցրել է՝ իր երկիրը չի անտեսի արևմտյան պետությունների գործողությունները, եթե նրանք ոտնահարեն Չինաստանի ազգային շահերը և շարունակեն մեղադրել Պեկինին Թայվանի բնակչության իրավունքները խախտելու համար։
Հակառուսական պատժամիջոցների 6-րդ փաթեթի շրջանակում ռուսական նավթից հրաժարվելու մասին որոշումը պետք է կայացվի միաձայն, դա կարվի առաջիկա օրերին՝ Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։
«Ռուսական նավթից ամբողջությամբ հրաժարվելը հեշտ գործընթաց չէ: Շատ երկրներ տարբեր մարտահրավերների կբախվեն, որովհետև էներգառեսուրսների հարցում կախված են Մոսկվայից»,- նշել է Անալենա Բերբոքը։
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները արդեն 9-րդ օրն է՝ չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ, որը ներառում է նավթի էմբարգոյի նախագիծ։ Միության ներսում տարաձայնությունների պատճառով Եվրահանձնաժողովը ստիպված է եղել որոշ մեղմացումներ անել այդ հարցում։ Օրինակ՝ Հունգարիային և Սլովակիային առաջարկվել է շարունակել ռուսական նավթի գնումը մինչև 2024 թվականի վերջ։
Թուրքիան պատրաստ է Միջերկրական ծովի արևելյան հատվածից գազ մատակարարել Եվրոպային՝ որպես այլընտրանք ռուսական մատակարարումներին։ Այդ մասին Reuters գործակալության հետ հարցազրույցում հայտնել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:
«Մենք գազատար ունենք և կարող ենք գազ տրամադրել եվրոպական մայրաքաղաքներին»,- հավելել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ Անկարան հույս ունի, որ էներգետիկ նոր իրողությունները ոլորտային նոր հնարավորություններ կստեղծեն։