ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 18-20-ը Հայաստան և Ադրբեջան այցի ընթացքում պատրաստվում է անդրադառնալ տարածաշրջանային անվտանգությանը և երկրների հետ առևտրատնտեսական գործակցությանը վերաբերող մի շարք հարցերի՝ հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
«Լիտվայի ղեկավարը Հայաստանի նախագահի և վարչապետի հետ կքննարկի «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանի գործընկերությունը եվրոպական համայնքի հետ, իսկ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Եվրամիության և Ադրբեջանի գործակցության հեռանկարները»,- ասված է հայտարարության մեջ։
«ՍԽԱԼ ՔԱՅԼ». ՊՈՒՏԻՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է՝ երկիրը որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու մասին։ Այսօր խորհրդարանում այդ հարցի շուրջ քննարկումներ են նախատեսված, ինչից հետո հանրապետությունը համապատասխան հարցում կուղարկի Բրյուսել։
Մոսկվան առարկություններ ունի. Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ ռազմական չեզոքությունից Հելսինկիի հրաժարվելը սխալ քայլ է, քանի որ երկրի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Կրեմլի ղեկավարը նաև զգուշացրել է, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա։
ՍՏՈԿՀՈԼՄԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՀԵԼՍԻՆԿԻԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Հելսինկիի օրինակին է հետևում Ստոկհոլմը. Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցությունն իր աջակցությունն է հայտնել երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու նախաձեռնությանը, սակայն նախապայմանով՝ դաշինքը չպետք է միջուկային զենք և մշտական բազաներ տեղակայի թագավորության տարածքում։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը կողմ են արտահայտվել խորհրդարանում ներկայացված քաղաքական ութ ուժից վեցը։
Արտգործնախարար Անն Լինդեի համոզմամբ՝ նման քայլը պայմանավորված է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությամբ, որը, նրա խոսքով, բարդացրել է անվտանգային իրավիճակը Շվեդիայում և ամբողջ Եվրոպայում։ Վարչապետ Մագդալենա Անդերսոնի համոզմամբ էլ՝ այս քայլն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։
Երկրի կառավարությունը նաև պատրաստվում է ներկայացուցիչներ ուղարկել Թուրքիա՝ քննարկելու Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցում առկա թյուրըմբռնումները։
ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՄ Է ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն դեմ է ահաբեկիչներին աջակցող երկրներին՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բեռլինում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք շատ հստակ դիրքորոշում ենք որդեգրել՝ Ֆինլանդիան և Շվեդիան պետք է դադարեցնեն գործակցությունը ահաբեկչական կազմակերպությունների հետ և չեղարկեն Թուրքիա պաշտպանական արտադրանքի մատակարարման սահմանափակումները»,- պարզաբանել է նախարարը՝ ՆԱՏՕ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներին հայտնելով Քրդական Բանվորական կուսակցության հետ Ֆինլանդիայի և Շվեդիայի կապերի վերաբերյալ Անկարայի մտահոգությունը։
Չավուշօղլուն նաև պնդել է՝ Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ «Մարդիկ մեզ խնդրում են արգելափակել այդ նախաձեռնությունը», - նշել է նախարարը։
ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են մեծացնել իրենց ռազմական ներկայությունը Բալթյան տարածաշրջանում՝ ապահովելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անվտանգությունը՝ տեղեկացրել է կառույցի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ն մտադիր է հնարավորինս արագացնել Ստոկհոլմին և Հելսինկիին կառույց ընդունելու ընթացակարգը և վերացնել Թուրքիայի առարկությունները։
Ստոլտենբերգը նաև համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է շարունակեն Ուկրաինային ռազմական աջակցությունը և օգնեն Կիևին հաղթանակի հասնել մարտի դաշտում։
ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ԿԻԵՎԻՆ
Մեծ Յոթնյակի երկրների արտգործնախարարները Գերմանիայում եռօրյա հանդիպման արդյունքներով հայտարարել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու և Ուկրաինային զենք մատակարարելու պատրաստակամության մասին։
Նախարարների համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է՝ G7-ի երկրները ջանքեր կգործադրեն՝ մեկուսացնելու Մոսկվային աշխարհից և նվազեցնելու նրա էներգետիկ ռեսուրսներից կախվածությունը, ինչպես նաև չեն ճանաչի ուկրաինական սահմանների որևէ փոփոխություն։ Նշվում է նաև, որ Մեծ Յոթնյակը կաջակցի Կիևին` լուծելու երկրի հումանիտար և ֆինանսական խնդիրները և ներդրում կունենա Ուկրաինային վերականգնման գործում։
Մոսկվայի արձագանքը չի ուշացել․ «Յոթնյակի երկրները պարտադրում են ժողովրդավարության իրենց գաղափարները և խառնվում Ռուսաստանի ներքին գործերին», - հայտարարել է երկրի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերը հետաքննող հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարևը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարելավել երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու վերաբերյալ օրենքների դրույթները։
ՄԵՆՔ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔԻ ՈՐԵՎԷ ՕՏԱՐՄԱՆ ՉԵՆՔ ԳՆԱ. ԿՈՒԼԵԲԱ
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան Մեծ յոթնյակի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո գերմանական Bild թերթին տված հարցազրույցում անդրադրձել է Ռուսաստանի հետ հրադադարի մասին համաձայնության գալու հնարավորությանը, նշել՝ դա պետք է դառնա առաջին քայլը Ուկրաինայի տարածքի ազատագրման ճանապարհին։
«Մենք Ուկրաինայի տարածքի որևէ մասի օտարման չենք գնա: Մենք պատրաստ ենք դիվանագիտության, բայց թույլ չենք տա, որ այն երկարացնի մեր տառապանքը և միայն հետաձգի պատերազմի հաջորդ փուլը»,- նշել է Կուլեբան:
ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՖՈՍՖՈՐԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐ Է ԿԻՐԱՌԵԼ. ԱՆԴՐՅՈՒՇՉԵՆԿՈ
Ռուսական կողմն առաջին անգամ ֆոսֆորային ռումբեր է կիրառել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի պաշտպանների դեմ՝ հայտարարել է քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն։ Պաշտոնական Մոսկվան Ուկրաինայի մեղադրանքներին դեռևս չի արձագանքել։
Կիևի փոխանցմամբ՝ ռուսական զորքերը շարունակում են արդյունաբերական գոտին գրավելու փորձերը և հրթիռային հարվածներ հասցնում գործարանին։ նշվում է, որ ուկրաինացի զինծառայողներին դուրս բերելու շուրջ բանակցություններ են ընթանում։ Ավելի վաղ փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել էր, որ «Ազովստալ»-ի տարածքում հազարից ավելի մարտիկ կա, այդ թվում՝ հարյուրավոր վիրավորներ։
ՌԴ ՊՆ-ը դեռևս պաշտոնապես չի արձագանքել ուկրաինական կողմի մեղադրանքներին: