Շենիկցի պանրագործ Աննան փորձեց ու հաջողեց. երկու տարի առաջ 25 լիտր կաթով հիմնած պանրի արտադրության ծավալներն այսօր հասցրել է 1000 լիտրի: Ի սկզբանե որոշել էր՝ վերամշակման արտադրություն հիմնելով՝ համայնքում կաթի իրացման խնդիր պետք է լուծի:
Աննա Պողոսյան (պանրագործ) - Մարդ կա՝ բերում է մեկ լիտր, մարդ կա՝ տալիս է 200 լիտր, 300 լիտր՝ խոշոր ֆերմերները: Բոլորից էլ կատարում եմ կաթի մթերում:
Բոլորից վերցնում է՝ ցանկացած քանակի, բայց ոչ ցանկացած որակի կաթ: Առավոտյան, ֆերմերների ներկայությամբ, կատարում է կաթի լաբորատոր փորձաքննություն, հաշված րոպեների ընթացքում պարզում կաթի որակական հատկանիշներն ու մթերում:
Թեև մեծ ծավալների դեռ չի հասել, բայց արտադրության ամբողջական շղթան պահպանված է: Կաթը նախ ամբարվում է սառնարանում, այնուհետև մղվում մանրազերծիչ ապարատի մեջ, համապատասխան ջերմաստիճանում մշակվելուց հետո սառեցվում, մակարդվում ու ավտոմատացված դանակներով կտրվելուց հետո ստանում է այս հատիկները:
2021-ին Աննան մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման «Կայուն համայնքներ» ծրագրի «Իմ գյուղը» համաֆինանսավորման նախագծին, ստացել դրամաշնորհ, բարեկարգել արտադրական տարածքն ու վերազինել սարքավորումներով:
Աննա Պողոսյան - Նախագծի շրջանակներում, ձեռք եմ բերել արտադրական գործիքներ, մանրազերծիչ ապարատը, պանրի հատիկը էդ պրես անելու գործիքը, սառնարանը, լաբարատորիան, արկղերը և վակումային փաթեթավորման ապարատը:
Ծրագրի ղեկավարի խոսքով՝ հայտերի ընդունման փուլում բազմաթիվ նման առաջարկներ են ստացել, բայց սա բացառիկ օրինակ էր, երբ կինը համայնքում որոշել էր արտադրություն հիմնել ու իրացման խնդիր լուծել:
Արման Վալեսյան (ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար) - Մեզ համար շատ կարևոր էր, թե ով է շահառուն, մենք ունեինք առաջարկություն կնոջից, որը անկոտրում իր հոգու և ձգտման, մոտիվացիայի միջոցով մեզ շահագրգռեց... Որոշեցինք անպայման սատարել էդ կնոջը... Նա էնքան էր հաջողել, որ, իր խոսքերով, չի հասցնում իր արտադրանքը մինչև իր ուզած ժամկետներին հասնել էն առումով:
Արտադրած «Լոռին», «Չանախն» ու պանրի այլ տեսակները Աննան իրացնում է Արմավիրի ու մայրաքաղաքի խանութներում:
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան