Շվեդիայի հավանական անդամակցությունը ՆԱՏՕ-ին տարբեր արձագանքներ է առաջացրել: Երկրի ներսում ոչ բոլորն են համաձայն իշխանության այդ որոշմանը: Երկրի Ձախ կուսակցության ղեկավար Նուշի Դադգոստարը դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Facebook-ի իր էջում նա գրել է, որ նման քայլը սպառնում է սրել իրավիճակը տարածաշրջանում՝ գրում է РИА Новости-ն։
Քաղաքական գործիչը նշել է, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Շվեդիան կարող է ներքաշվել Ուկրաինայի հակամարտության մեջ։ Երկիրը ստիպված կլինի դաշինքի հովանու ներքո մասնակցել այն պատերազմներին, որոնց կնախընտրի չմիջամտել: Բացի դրանից՝ Ստոկհոլմը կարող է բախվել ՆԱՏՕ-ի քաղաքական ճնշմանը։ Իսկ եթե երկրի տարածքում միջուկային զենք տեղադրվի, ռիսկը, որ Ռուսաստանը կսկսի Շվեդիան ընկալել որպես սպառնալիք, կմեծանա։
Կանաչների կուսակցության առաջնորդ Մարթա Սթենևին էլ ասել է, որ պատգամավորները կգերադասեն Շվեդիայի ռազմական անկախությունը ՆԱՏՕ-ին անդամակցելուց:
Շվեդիայի դաշինքին միանալու դեմ է արտահայտվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ստոկհոլմը ստիպված է կատարել թուրքական կողմի ներկայացրած պահանջները:
Մայիսի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ կարգելափակեն Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ անընդունելի են համարում այն փաստը, որ դաշնակիցներն աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և Սիրիայում Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկչական կազմավորումներ։
Շվեդիան պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը: