Երևանում շտապօգնության բժիշկը և վարորդը բռնության են ենթարկվել մասնագիտական պարտականությունները կատարելիս: «Շտապբուժօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Լուրերին» տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Կենտրոն վարչական շրջանի տներից մեկում:
Կանչով ժամանած բժիշկը վատառողջ կնոջը օգնություն ցուցաբերելիս է եղել, երբ տանը գտնվող երկու տղամարդիկ, ենթադրաբար ամուսինն ու որդին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, փորձել են ցուցումներ տալ նրան: Սկսված վիճաբանության ընթացքում տղամարդկանցից մեկը մետաղյա բութ գործիքով հարվածել է բժշկի ծոծրակին:
Շտապօգնության վարորդը մոտեցել և փորձել է հարթել միջադեպը, սակայն հարվածել են նաև նրան: Բռնության ենթարկված բժիշկը և վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ նախնական ախտորոշմամբ՝ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝ թեթև ծանրության։