Ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը, որին մասնակցելու իրավունք էր ստացել 15 հայ պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստանի Հանրապետություն) և Թեհրանից (ԻԻՀ):
Ժյուրիի որոշմամբ մրցույթի ավագ խմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայկ Մարտիրոսյանը, իսկ երկրորդ հորիզոնականը կիսել են Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան) և Հայկազ Բալումյանը (դաս.՝ Արամ Հովհաննիսյան):
Կրտսեր խմբում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Արփինե Կալինինայի կոմպոզիցիայի դասարանի աշակերտները՝ Արտաշես Մոսիկյանը և Հայկ Ջուլհակյանը:
Մրցույթի կրտսեր խմբում միավորների բացարձակ հավասարութամբ հաղթող է ճանաչվել միանգամից երկու մասնակից՝ Լյանա Ուլիխանյանը (դաս.՝ Սաթենիկ Ուլիխանյան) և Ալեքս Գևորգյանը (դաս.՝ Վաչե Շարաֆյան):
Բոլոր մասնակիցները պարգևատրվել են խրախուսական նվերներով, պատվոգրերով, նաև ստացել հնարավորություն՝ անվճար ձայնագրվելու նախագծի գործընկեր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում, ինչպես նաև մասնակցելու մարզային միասնական համերգին:
Մրցանակակիրները, այս ամենից բացի, ստացել են նաև մրցույթի անվանական գավաթներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ: Դրամական պարգևներ են ստացել նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:
Ժյուրիի կազմում էին կոմպոզիտորներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: