Շքեղ առանձնատուն կլինի, մեծ հողատարածք թե թարկարժեք մեքենա՝ կարևոր չէ, եթե գույքն ապօրինի ծագում ունի, իսկ սեփականատերը՝ հայտարարագիր ներկայացող պաշտոնյա է, դատախազությանը հնարավորություն է տրվելու զբաղվել դրանով: 1,5 տարվա աշխատանքից հետո իրավապահ կառույցում հասկացել են՝ 2020-ի սեպտեմբերից գործող օրենքը պրակտիկայում որոշ բացեր ունի: Ուսումնասիրության շրջանակը նեղ է, սահմանափակվում է միայն հանրային պաշտոն զբաղեցնող անձանցով, մինչդեռ ռիսկերը ոչ պակաս, երբեմն ավելի շատ են հենց միջին օղակում՝ վստահեցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը:
Սիրո Ամիրխանյան (ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ) - Միջին խմբի պաշտոնյաները, որոնք շատ մտավախություն չեն ունեցել, որ իրենք գտնվում են հանրային ուշադրության կենտրոնում, միշտ իրենց ավելի շատ են առավելություններ թույլ տվել գույք ձեռք բերելու տեսանկյունից, քան բարձր խմբի պաշտոնյաները, ովքեր միշտ սրտում ունեցել են էն վախը, որ եթե էս գույքը իմ անունով լինի, ավելի լավ է՝ չգրանցեմ, որովհետև հանրությունը կարող է իմանալ էդ մասին:
Դատախազության մշակած փաթեթով, որը, ի դեպ, արդեն հավանություն է ստացել Կառավարությունում, այսուհետև հայտարարագիր ներկայացնող բոլոր պաշտոնյաների գույքը կարող է հայտնվել խոշորացույցի տակ: Սիրո Ամիրխանյանը բացատրում է՝ այս ընթացքում ստացել են նման տվյալներ, բայց ուսումնասիրություն սկսել չեն կարողացել, քանի որ գործող օրենքը թույլ չի տվել:
Սիրո Ամիրխանյան - Շատ ունենք ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց նկատմամբ չենք կարողացել նախաձեռնել ուսումնասիրություն, ոստիկանությունից ունենք նաև, նախարարության պաշտոնատար անձնանց վերաբերյալ ունենք տվյալներ:
Թե քանիսն են նման գործերը. վարչության պետն առայժմ հստակ թիվ չի նշում, բայց որ այդ մարդկանց եկամուտն ու ունեցած գույքը համարժեք չեն՝ վստահ է: Վստահ է նաև, որ կրկնապատկվելու, գուցե եռապատկվելու է իրենց աշխատանքը:
Սիրո Ամիրխանյան - Եթե ներկայումս մենք ունենք 350 ուսումնասիրություն, ապա օրենսդրական նոր գործիքակազմն ընդունվելու պարագայում ամեն մի ուսումնասիրության նյութով, կարծում եմ, երկու անձի վերաբերյալ տվյալ կստանանք, ու, բնականաբար, թիվը շատ կմեծանա, ընդհուպ մինչև 1000 ուսումնասիրություն:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր է ներկայացնում ավելի քան 30 հազար անձ, որոնցից 9000-ը պաշտոնյա է, իսկ մնացածը՝ նրանց հետ անմիջական կապ ունեցողները: Արդարադատության նախարարությունում էլ են վստահ՝ օրենքի նման փոփոխությունը կնպաստի հանրային ծառայության ոլորտում թափանցիկության ապահովմանն ու համակարգում կոռուպցիայի կանխարգելմանը: Նախագծում տեղ է գտել նաև նախարարության առաջարկը՝ կապված գույքի արժեքի որոշման հետ:
Քրիստինե Գաբուզյան (ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի վարչության պետ) - Նախագիծը հնարավորություն է տալիս նաև, հաշվի առնելով, որ շուկայական արժեքի որոշման հետ կապված դժվարություններ են լինում պրակտիկայում բռնագանձումը տարածել ձեռքբերման արժեքով, հատկապես երբ արտասահմանում գտնվող գույքի արժեքի հետ կապված դժվարություններ են լինում:
Նոր փոփոխությամբ դատախազությունը կարող է նաև սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն սկսել՝ առանց սպասելու օպերատիվ տվյալների ստացմանը: Նախագիծն այժմ խորհրդարանում է, օրենսդիրն այն կքննարկի արտահերթ նիստում՝ այս հինգշաբթի: