7,4 տոկոս գնաճ, 5,7 տոկոս տնտեսական աճ: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը ներկայացնում է կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվետու տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4,25-ից բարձրացվել է 7,75 տոկոսի, դրամավարկային քաղաքականությունը եղել է չեզոք կամ քիչ խթանող՝ ընդգծում է Հովհաննես Խաչատրյանը: 2022-ին կանխատեսվում է 1,5 տոկոս տնտեսական աճ, 6,5 տոկոս գնաճ: Միջազգային այցելուների մեծ ներհոսքի պարագայում հյուրերը և՛ պահանջարկ են ստեղծել, և՛ գնաճային միջավայր՝ ասում է Խաչատրյանը:
Հովհաննես Խաչատրյան (ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ) - Գնաճային ճնշումներ են ավելացել նաև անորոշությունների աճի պայմաններում ռիսկ-պրեմիաների էական կտրուկ աճի պատճառով և, իհարկե, միջազգային գների աճի, որոնք միջազգային արժեշղթաների կտրուկ խաթարման պատճառով տեղի ունեցան՝ կլինի ծառայությունների ոլորտում տրանսպորտային ծառայություններ, էներգակիրներ, պարենի գները, որոնք նոր ռեկորդներ են սահմանում ու մեր աճող կանխատեսումներից էլ ավելի վերև են ստացվում:
Պարենի և էներգակիրների գները շարունակելու են բարձր մակարդակում մնալ՝ ԿԲ-ի կանխատեսումն է ներկայացնում Խաչատրյանը՝ հիմնավորելով աշխարհաքաղաքական լարվածությամբ և անորոշություններով: ԿԲ նախագահի տեղակալը նաև միջազգային առևտրի թվային պատկերն է ներկայացնում՝ առանձնացնելով Ռուսաստանի տնտեսության ազդեցությունը Հայաստանի վրա:
Հովհաննես Խաչատրյան - Մենք ունենք 2.5 մլրդ դոլարի միջազգային առևտուր ՌԴ-ի հետ, որտեղ 800 մլն դոլարի կարգի արտահանումն է, 1,7 մլրդ դոլարը՝ ներմուծումը։ Թարմ տվյալները վերջին 1,5 ամսվա իրադարձությունների դինամիկ զարգացման պարագայում թարմ տվյալները, իհարկե, քիչ են հեռուն գնացող ենթադրություններ անելու համար։ Բայց, ամենայն հավանականությամբ, առևտուրը կկրճատվի:
իսկ Ուկրաինայի հետ առևտուրը մոտ 160 մլն դոլարից գրեթե 0-ացել է: Խաչատրյանի խոսքով՝ որոշակի գնաճային սպասումներ կան, բայց ԿԲ-ի հաղորդակցումը տնտեսվարողների և հանրության հետ որոշակիորեն զսպել է դրանք:
Հովհաննես Խաչատրյան - Մեր վերբալ ինտերվենցիաները նպաստել են, որ մենք կառավարենք գնաճային սպասումները, իսկ ԿԲ ներկա վարած գնաճի թարգեթավորման քաղաքականության հիմնական նպատակը գնաճի սպասումներն են, որոնք երկարաժամկետ առումով պետք է խարսխված մնան:
Տարեսկզբին ԿԲ-ն կանխատեսել էր դրամական փոխանցումների 20 տոկոս նվազում: Միաժամանակ, գլխավոր դրամատանը համարում էին, որ Ռուսաստանից դրամական փոխանցումները 50 տոկոսով կնվազեն: Իրական պատկերը ԿԲ-ն 2 մասի է բաժանել. սեզոնային աշխատողների կողմից փոխանցվող գումարները նվազել են, փոխարենը աճել են արտերկրից այցելուների փոխանցումները:
Հովհաննես Խաչատրյան - Գումարային իմաստով աճ կա 2021-ի համեմատ, բայց կոնկրետ սեզոնային փոխանցումների առումով նվազում կա, ու մենք բազմիցս նշել ենք, որ միջազգային այցելուների փոխանցումների հետագա շարունակականությունը ինչ չափով կլինի, ինչ ինտենսիվությամբ, դա մեծ հարց է:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, որպես ամփոփում, հստակեցնում է՝ գնաճն այս պահին թիրախավորված ցուցանիշից բարձր է, բայց չպետք է մոռանալ աշխարհում ստեղծված դրությունը: Հայաստանը միակ երկիրն է ԵԱՏՄ-ում և տարածաշրջանում, որ չունի երկնիշ գնաճ:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Եթե գործընկեր երկրներում գնաճը շատ ավելի բարձր է, կարծում եմ, որ էստեղ շատ կարևոր է հասկանալ, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ շարժվում, և այն գործիքակազմը որ կիրառվում է, շատ արդյունավետ է: Մենք բարձր շեմի վրա ենք, բայց կարծում եմ՝ խարսխել ենք սպասումները և պետք է տանենք նվազման՝ չնայած որ ազդող գործոններ կան:
Այնուամենայնիվ, գնաճը տեսանելի է ժողովրդի համար, ազդում է մարդկանց կենսամակարդակի վրա՝ շարունակում է Պապոյանը, նշում՝ Կառավարությունը, ԱԺ-ն ու ԿԲ-ն անելիքներ ունեն մարդկանց իրական եկամուտներն ավելացնելու ուղղությամբ: