2020-ի պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 3 825 է, նրանցից 1434-ի ինքնությունը պարզվել է դատագենետիկական փորձաքննության միջոցով: Զոհերի ինքնությունը պարզելու նպատակով պատերազմից հետո սկսված դատաբժշկական փորձաքննության գործընթացը ևս շարունակվում է:
Ռաֆայել Վարդանյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ) - Կան մասունքներ, որոնք առանձնակի բարդություն ներկայացնող նմուշմներ են, և դրանց գենետիկական պրոֆիլը բավականին դժվար է պարզվում, այդ ուղղությամբ մի քանի անգամ փորձաքննությունները կրկնվում են: Կան, որ ճանաչվել են, բայց ծնողները չեն հուղարկավորել, կան, որ դեռևս չեն պարզվել, այսինքն՝ չեն նույնականացվել գենետիկական փորձաքննությամբ:
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում նշում են, որ այս պահին նոր մասունքներ չունեն: Այստեղ շարունակում են աշխատել նմուշների հետ, որոնցից դեռևս լիարժեք գենետիկական բնութագիր չի ստացվել: Փորձագետի խոսքով՝ բավականին ժամանակ է անցել, ինչը դժվարացրել է ԴՆԹ նույնականացման ընթացքը:
Դիանա Հարությունյան (ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի փորձագետ) - Այնքան ենք աշխատելու, որ հնարավորինս ունենանք նույնականացումներ, որ ոչ մի ոսկրային հյուսվածք չմնա ոչ լիարժեք, այսինքն՝ ոչ պիտանի:
2021-ին Առողջապահության նախարարության, Անհետ կորածների միջազգային հանձնաժողովի հետ կնքված համաձայնագրով 100 նմուշ ուղարկվել է Նիդերլանդներ՝ դատագենետիկական փորձաքննության: Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի խոսքով՝ վերջերս Անհետ կորածների միջազգային հանձնաժողովի ղեկավարի և Քննչական կոմիտեի նախագահի հանդիպմանը ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ առանձնակի բարդություն ներկայացնող ևս 100 փորձանմուշ Նիդերլանդների Թագավորություն ուղարկելու և այնտեղ փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ:
Դիանա Հարությունյան - Ուղարկել ենք այն նմուշները, որոնցից չենք ստացել լիարժեք գետնետիկական բնութագիր: Պատասխանը ստանալուց հետո ունեցել ենք ինչպես նոր նույնականացումներ, նաև նույնականացած նոր մասունքներ, իրար հակասող պատասխան չենք ունեցել:
ԿԽՄԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՏԵՍԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ
Քննչական կոմիտեի տվյալով՝ այս պահին անհայտ է 205 անձի գտնվելու վայրը: Այդ թվում՝ 2020-ի հոկտեմբերին Կովսականում շրջափակման մեջ հայտնված 62 հոգանոց անձնակազմից 24-ի ճակատագիրը: Այս գործով նախաքննությունն օրեր առաջ ավարտվել է, մեղադրանք առաջադրվել զինված ուժերի բարձրաստիճան սպաների:
Ռաֆայել Վարդանյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ) - Ունենք տեսանյութեր, 15 անձանց տվյալներն են, այլ փաստական տվյալներով, փոխանցվել ՄԻԵԴ, ԿԽՄԿ, դիվանագիտական խողովակներով փոխանցվել տարբեր կառույցներին:
Ադրբեջանն այս պահին հաստատում է 38 անձի գերեվարումը, որոնց, ի դեպ, Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Տեսակցությունները եղել են առանձնազրույցի ձևաչափով, տրվել է յուրաքանչյուրին հնարավորություն՝ կապվել ընտանիքի հետ և տեղեկանալ ընտանեկան նորություններին:
Ամատունին նշեց, որ այցելել են նաև Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին: Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ ճանապարհին կորել էր կապը նրա հետ: Սա Կարմիր խաչի պատվիրակների երկրորդ այցն էր Մարտիրոսովին: