ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հայաստանում նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը: Այս օրը խորհրդանշական է որպես Երևանի պետական համալսարանի հիմնադրման օր:
103 տարի առաջ Երևանի համալսարանի հիմնումը քաղաքացիական գիտակցության ձևավորման կարևոր երաշխիքներից էր: Այդ գիտակցությունը կրողներն ու ձևավորողները, պահպանողներն ու փոխանցողները հենց երիտասարդներն են, ուսանողներն են, որոնք հասարակության շարժիչ ուժն են, կամքն ու նպատակն են, երազանքն ու ապագան:
Սրտանց շնորհավորում եմ մեր երիտասարդներին և վստահեցնում, որ պետությունը միշտ նրանց կողքին է, և երիտասարդների հնարավորությունների ընդլայնումը, բացահայտումը, խրախուսումն ու զարգացումը պետական առաջնահերթություններից են, ինչին միտված են ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորումներին ուղղված շարունակական աշխատանքները, ռազմավարության մշակումը:
Թե՛ կրթական, թե՛ մշակութային, թե՛ մարզական ոլորտներում իրականացվող տարաբնույթ միջոցառումների նպատակն է նպաստել երիտասարդների կենսագործունեության բարելավմանը, ուսանողի կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:
Սիրելի՛ երիտասարդներ, ուսանողնե՛ր, ձեր անմիջական ջանքերով ու աշխատասիրությամբ է կայանում պետությունը, ձևավորվում քաղաքացին՝ օրինապահ քաղաքացին ու հստակ արժեհամակարգով օժտված անհատը: Ձեր հայրենասիրությամբ ու նպատակասլացությամբ է անառիկ դառնում հայրենիքի սահմանը, ճանաչվում ու հանրահռչակվում Հայաստանի Հանրապետություն պետությունը:
Մաղթում եմ ձեզ անսպառ լավատեսություն, ստեղծելու և արարելու կամք ու եռանդ»,- ասված է ուղերձում: