Դատախազությունը կրկին չի հաստատել Վովա Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և այն հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե:
1lurer.am-ի հետ զրույցում Կոմիտեից փոխանցեցին, որ գործը քննիչին հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք:
Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև 1994-2018 թթ. ընթացքում ՀՀ ՊՆ և ոստիկանության համակարգում պաշտոնավարած, այդ թվում` 2011-2018 թթ. Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի կողմից ինչպես առանձին, այնպես էլ Վ. Գասպարյանի հետ խմբի կազմում կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:
Մասնավորապես պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2011 թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող՝ 75 000 000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3 000 000 ՀՀ դրամ: Բացի դրանից՝ Արշակ Հակոբյանը 2012 և 2013 թթ. 120 000 000 ՀՀ դրամով ու 204 250 000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը և, գիտակցելով, որ դրանց արժեքը շեշտակիորեն գերազանցում է իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները, դրանք նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը:
Արդյունքում Արշակ Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2017 թ. 47 855 000 ՀՀ դրամին համարժեք 100 000 ԱՄՆ դոլարով գնել է նույն թվականի արտադրության Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի ավտոմեքենա, որից հետո, վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 27 մլն ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը:
Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: