Թանկարժեք թե մատչելի որ խաղն էլ Հայաստանից գնենք՝ Գուգըլը դրա վաճառքից արդեն հարկ է փոխանցում մեր բյուջե։ Նորությունն ուժի մեջ է այս հունվարից։ Վերաբերում է վճարովի ֆիլմերի դիտում, երգերի լսում, on-line գրքերի ընթերցանություն, խաղեր, գովազդ և նմանատիպ այլ էլեկտրոնային ծառայություն մատուցող արտասահմանյան ընկերություններին և պարտադրում նրանց Հայաստանում ԱԱՀ վճարել։ «Կվճարեն, բա չե՞ն վճարի» ասող թերահավատներին ՊԵԿ-ից տեղեկացնում են․ առաջին եռամսյակի դրությամբ մեր համակարգում գրանցվել-հարկատու է դարձել ինտերնետ-հսկաների իսկական աստղաբույլ։
Լուսինե Այվազյան (ՀՀ ՊԵԿ ՏՏՎ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման բաժնի պետ) - Գուգլը, Ֆեյսբուքը, Սփոթիֆայը, Ամազոնը, Նեթֆլիքս, Իբեյը: Ամազոնն ունի 11 կազմակերպություն, Ֆեյսբուքը նույնպես էս պահին երեք կազմակերպություն ա հաշվառված:
Առաջին վճարումով ո՞ր ընկերությունն ինչքա՞ն գումար է փոխանցել Հայաստանի գանձարան՝ առանձնացված տվյալները հարկային գաղտնիք են։ Թվերը, սակայն, փոքր չեն․ խոշոր մի կազմակերպություն, օրինակ, հայտարարագրել է 450 մլն դրամի հարկման բազա և հաշվել 90 մլն ԱԱՀ՝ առանց անուն նշելու ներկայացնում է Լուսինե Այվազյանը։ Հրապարակում՝ ընդհանուր ցուցանիշները։
Լուսինե Այվազյան - Առաջին եռամսյակում հաշվառվել են 30-ից ավելի հարկ վճարողներ՝ օտարերկրյա կազմակերպություններ, ընդհանուր հայտարարագրվել է 170 մլն ԱԱՀ-ի գումար։
Հայաստանում աշխատվող փողից հարկ վճարելու մասին՝ արտասահմանյան կազմակերպություններին ծանուցում են Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները։ Հուշում, որ ՊԵԿ-ի կայքի էլեկտրոնային ծառայություններ բաժնում՝ ոչ ռեզիդենտ հարկատուների համար հատուկ e-VAT համակարգ են ստեղծել, հարցաշար ու ծառայությունների ցանկ տեղադրել։ Ընկերությունները պետք է գրանցվեն, պարզեցված կարգով էլեկտրոնային ստորագրությունը ստանան ու ներկայացնեն հարկային հաշվետվությունը։
Աննա Պողոսյան (ՀՀ ՊԵԿ ՏՏՎ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման բաժնի գլխավոր հարկային տեսուչ) - Հարկ վճարողը պետք է լրացնի հարկման բազան արտարժույթով, լրացնելուց հետո համակարգը հաշվում է հարկման բազան դրամով ու դրանից հաշվում է հարկի գումարը:
Աննա Պողոսյանը վստահեցնում է՝ մինչև հիմա նամակ ուղարկած ոչ մի կազմակերպությունից մերժում չեն ստացել։ Կան, որ գրանցվել են, ուշացնում են հարկը՝ նրանց նկատմամբ տույժեր կկիրառվեն։ Առհասարակ, չվճարողների դեմ առայժմ անզոր են։ Թեպետ օրենքը պարտադրում է օտարերկրյա կազմակերպությանը հարկ վճարել, ստիպելու որևէ լծակ չկա։ Չկա նաև Հայաստանում նրանց վաստակած գումարի չափը ճշտելու՝ հարկման բազան ստուգելու մեխանիզմ։
Լուսինե Այվազյան - Ներկա պահին չունենք նման տարբերակ, ամբողջությամբ ստացվում է իրենց ինքնահայտարարագրման հիման վրա, ինչ հայտարարագրեցին, դա էլ հիմք ենք ընդունում:
Հայաստանո՞ւմ, թե՞ այլ երկրում դառնալ հարկատու՝ արտասահմանյան կազմակերպությունը կողմնորոշվում է տվյալ գործարքի համար մուտքագրված հեռախոսահամարի, IP հասցեի կամ բանկային վճարման հիման վրա։ Մեզ մոտ չլինի՝ այլ տեղ, միևնույն է, հարկը գանձվելու է։ Այնպես որ, ՊԵԿ-ում կարծում են՝ էլեկտրոնային այս ծառայությունների համար երկրորդ եռամսյակում կավելանան և՛ հարկատուները, և՛ նրանց վճարած ԱԱՀ-ի գումարը։ Կարևորը՝ գործընթացը սկսվել է: