ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը:
Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի հարուստ փորձը տեխնոլոգիական ոլորտում, ինչպես նաև նախարարության հետ նախկինում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, կարևորել է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Անն Լույոն, շնորհավորելով Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վերահաստատել է համագործակցության շարունակության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու գործընթացին, «Ինժեներական քաղաքի» գործունեությանը, ստարտափների զարգացմանն ուղղված ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերին, տեխնոլոգիական կրթության ոլորտում համագործակցության հնարավորություններին, մի շարք այլ թեմաների։
Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի շրջանակում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ռոբերտ Խաչատրյանն ու Անն Լույոն անդրադարձել են նաև հունիսին Փարիզում կայանալիք Viva-Technology-2022 և այլ միջազգային ցուցահանդեսներին նախարարության մասնակցությանն առնչվող մի շարք հարցերի։
Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը: