ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գյուղատնտեսության և պարենի բաժնի պետ Ֆրաուկե Յանգբլութի գլխավորած պատվիրակությունը այցելել են ՀՀ Կոտայքի մարզ։
Այցի նպատակն էր ծանոթանալ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ» ծրագրի (CARMAC2) շրջանակներում մարզում իրականացված ներդրումների արդյունքներին:
Քարաշամբ և Սոլակ բնակավայրերում Արման Խոջոյանն ու ՀԲ ներկայացուցիչները ծանոթացել են կառուցված ջրարբիացման համակարգերի, ինչպես նաև այդ համայնքներում ստեղծված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրված գյուղատնտեսական տեխնիկաների շահագործման աշխատանքներին, որտեղ կատարվել է ընդհանուր 86 մլն ՀՀ դրամ ներդրում:
Նախարարի տեղակալը ՀԲ պատվիրակության հետ այցելել է նաև Նոր Գեղի և Հրազդան բնակավայրեր՝ CARMAC2 ծրագրի շահառու հանդիսացող «Կլուբնիչնայա Պոլյանա» և «Վիլ Ֆուդ» ընկերությունների արտադրական գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով։
Ծրագրի շրջանակում երկու ընկերություններից յուրաքանչյուրին տրամադրվել է շուրջ 25 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ սարքավորումների ձեռքբերման, արտադրական կարողությունների հզորացման, սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ներդրման և արտահանման խթանման նպատակով: