ԱՄՆ
ՈՒՈՐՀՈԼԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻ ՆԿԱՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 195 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի հեղինակած՝ Մերիլին Մոնրոյի դիմանկարը «Քրիստի» աճուրդի տանը վաճառվել է 195 մլն դոլարով:
Այս նկարը դարձել է 20-րդ դարի արվեստի ամենաթանկարժեք ստեղծագործությունը, որը վաճառվել է աճուրդով, և աշխարհում արժողությամբ երկրորդ ստեղծագործությունը, որը ներկայացվել է հրապարակային վաճառքի: Առաջին տեղում է Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը 2017 թվականին 450 մլն դոլարով գնել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը:
Ալեքս Ռոթեր («Քրիստի» աճուրդի տան աշխատակից) - Մեզ հաջողվել է վաճառել 20-րդ դարի ամենաթանկ նկարը, ինչի համար ես և մեր ամբողջ թիմն անչափ հպարտ ենք: Սա մեծ ձեռքբերում է, սակայն ոչ թե ինձ համար, այլ Ուորհոլի և Մերիլինի:
Էնդի Ուորհոլի՝ 1964 թվականի բատիկով արված դիմանկարը հայտնի է Shot Sage Blue Marilyn անվամբ։ Նկարիչը պատկերել է 1953 թվականի Մերիլին Մոնրոյի «Նիագարա» ֆիլմի գովազդային լուսանկարը։ Այս աշխատանքի միջոցով Ուորհոլը դերասանուհուն վերածել է փոփ-արտի կուռքի՝ նրան ներկայացնելով վարդագույն դեմքով, սուտակե շուրթերով և կապույտ ստվերաներկով՝ կապտականաչ ֆոնին։
Նկարի համար պայքարում էր աճուրդի չորս մասնակից, արդյունքում հաղթել է արտ-դիլեր, հայազգի Լարի Գագոսյանը, որն աշխարհով մեկ սփռված «Գագոսյան» պատկերասրահների սեփականատերն է:
Հատկանշական է, որ փորձագետներն աճուրդից առաջ ստեղծագործությունը գնահատում էին 200 մլն դոլար։ Դիմանկարը տրամադրել է Թոմաս և Դորիս Ամմանների շվեյցարական հիմնադրամը, որը զբաղվում է երեխաների և երիտասարդների առողջապահության հարցերով։ Աճուրդից ստացված հասույթը կուղղվի բարեգործությանը։
Shot Sage Blue Marilyn-ը Էնդի Ուորհոլի ամենահայտնի աշխատանքներից է։ Նկարը ստեղծվել է բատիկի մեթոդով 1964 թվականին՝ Մերիլին Մոնրոյի մահից երկու տարի անց: Ավելի վաղ այն ցուցադրվել է Նյու Յորքի Guggenheim թանգարանում, Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում և Լոնդոնի Թեյթ պատկերասրահում:
ԲԱՀՐԵՅՆ
ԲԱՀՐԵՅՆՑԻ ՀՐՈՒՇԱԿԱԳՈՐԾՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱԼՎԱՅԻ 170-ԱՄՅԱ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
1850 թվականին Բահրեյնի մի համեստ տանը երիտասարդ Հուսեյն Շոուեյթերը որոշեց ստեղծել հալվայի իր տարբերակը՝ քաղցր հրուշակեղենի, որը լայնորեն տարածված էր ամբողջ Մերձավոր Արևելքում:
Այսօր՝ ավելի քան 170 տարի անց, այդ փոքրիկ մտահղացումը վերածվել է հալվայի մեծ գործարանի, որտեղ տասնյակ աշխատակիցներ արտադրում են երկրի ամենանշանավոր աղանդերներից մեկը:
Գործարանը ղեկավարում են Հուսեյնի որդիներն և թոռները: Նրանք անդրդվելի են ավանդույթները պահպանելու հարցում: Հենց դրանց շնորհիվ է քաղցրավենիքն այդքան հայտնի է դարձել:
Մուհանա Շոուեյթեր (Հուսեյն Շոուեյթերի ընկերության գլխավոր մենեջեր) - Այն ժամանակ պապիս, հորս և հորեղբորս ցանկությունը եղել է այն, որ մարդիկ այցելեն Բահրեյն և տուն վերադառնալիս իրենց հետ մի կտոր Բահրեյն տանեն: Իսկ դա զբոսաշրջիկները կարող էին անել Բահրեյնից հալվա գնելով:
Թեև ավանդույթները պահպանում են, սակայն ընկերությունը նաև կիրառում է արդիական տեխնոլոգիաներ, որոնք օգնել են ավելացնելու իրենց արտադրանքի ծավալները: Վերջերս նույնիսկ սկսել են առցանց վաճառել հալվան:
Հայվայի գնորդները վստահեցնում են, որ այն կատարյալ նվեր է տոների և հատուկ առիթների համար: Տեսականին բավականին հարուստ է. կարելի է ձեռք բերել «Արքայական հալվա», «Կարմիր հալվա» և այլն:
ՇՎԵՅՑԱՐԻԱ
80-ԿԱՐԱՏԱՆՈՑ ՄԱՏԱՆԻՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է ԱՌԱՆՑ ԳՆՈՐԴԻ
80,08 կարատանոց ադամանդով և սուտակով հազվագյուտ մատանին, որը «Սոթբիի» գնահատմամբ, կարող էր 8 միլիոն դոլարով վաճառվել, Ժնևի աճուրդում գնորդ չի գտել:
«Սոթբին» մատանին գնահատել էր 7.5-9.6 միլիոն դոլար: Ադամանդը բացառիկ է, ամբողջ աշխարհում գոյություն ունեցող ադամանդների ընդամենը 2 տոկոսն է այս գույնի, որը համարվում է սպիտակի Դի տեսակ:
«Սոթբին» աճուրդի է հանել նաև Oscar Heyman & Brothers-ի` 1927 թվականի Birds in Flight կոչվող գունեղ ապարանջանը, որը զարդարված է արևադարձային թռչուններով և ծաղկային ճյուղերով: Այն վաճառվել է 1,4 միլիոն դոլարով՝ գնահատված արժեքից կրկնակի ավելի:
ՀՈՐԴԱՆԱՆ
ՀՈՐԴԱՆԱՆԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԹՈՒՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Պահպանելով արհեստը, որը եղել է իրենց ընտանիքում շուրջ 200 տարի, հորդանանցի ուսանող և թրի վարպետ Մոթազ ալ Մազարին սեփական մոտեցումն է ավելացրել դրան. թրեր պատրաստելու համար օգտագործում է վերամշակված ավտոպահեստամասեր:
Նա այդպես է վարվում, որպեսզի պահպանի ոչ միայն իրենց փոխանցված ընտանեկան արհեստը, այլև շրջակա միջավայրը: Երիտասարդը վստահեցնում է, որ իր նախնիներից է սովորել այս արհեստը, իսկ նրանք ժամանակին շատ հայտնի են եղել այս ոլորտում:
Այդուհանդերձ, չնայած այն մշակութային և պատմական նշանակությանը, որ սրերն ու դաշույններն ունեն Հորդանանում, Մազարին ասում է, որ արտադրանքի պահանջարկը համեստ է, ինչը դժվարացնում է երիտասարդ սերնդի համար այն որպես մասնագիտություն պահպանելը:
Մոթազ Ալ Մազարի (թուր պատրաստող վարպետ) - Այժմ շատ քչերն են այս արհեստով զբաղվում: Յուրաքանչյուր թրի պատրաստման համար 1-2 շաբաթ է պահանջվում: Թուր պատրաստելը թանկ արժի: Ֆինանսական եկամուտները բավարար չեն ծախսած ժամանակն ու ջանքերը ծածկելու համար: Ահա թե ինչու ինձ համար սա դարձավ հոբբի, այլ ոչ թե մասնագիտություն: Ոչ ոք չի կարող այս գործով գումար վաստակել:
Եվ չնայած բոլոր դժվարություններին, Մազարին շարունակվում է զբաղվել թրագործությամբ, ինչի շնորհիվ դարձել է իր ընտանիքի հպարտությունը:
ՇՎԵՅՑԱՐԻԱ
ԱՄԵՆԱՄԵԾ ԱԴԱՄԱՆԴԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 21.8 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
The Rock` «Ժայռը» կոչվող ամենամեծ սպիտակ ադամանդը, որը 228.31 կարատանոց տանձաձև թանկարժեք քար է, Ժնևի «Քրիստի» աճուրդում վաճառվել է 21.8 մլն դոլարով:
Սա աճուրդում երբևէ վաճառքի հանված ամենամեծ ադամանդն է: Այն արդյունահանվել և հղկվել է Հարավային Աֆրիկայում՝ ավելի քան երկու տասնամյակ առաջ:
Ադամանդի մեկնարկային արժեքը եղել է 14 միլիոն դոլար: Աճուրդի ժամանակ վաճառվել է նաև մեկ այլ ուշագրավ ադամանդ՝ Red Cross «Կարմիր խաչ» անվամբ դեղին, ուղղանկյունաձև 205,07 կարատանոց ադամանդը, որի համար գնորդը վճարել է 14,3 միլիոն դոլար: «Կարմիր խաչի» վաճառքից ստացված հասույթի մի մասը կուղղվի Միջազգային Կարմիր խաչին։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԵՂԻՍԱԲԵԹ 2-ՐԴԸ ԴԻՏՈՒՄ Է ՁԻԵՐԻ ՇՈՈՒՆ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին, որը ստիպված էր բաց թողնել այս շաբաթվա սկզբին խորհրդարանի ավանդական պաշտոնական բացումը, հայտնվել է հանրության առաջ՝ մասնակցելու իր տան մերձակայքում անցկացվող ձիերի շոուին:
96-ամյա միապետուհին բաց էր թողել խորհրդարանում անցկացվող հանդիսավոր արարողությունը, քանի որ, ըստ Բուքինգհեմյան պալատի, «տեղաշարժվելու էպիզոդիկ խնդիրներ» էր ունեցել:
Անցած տարվա հոկտեմբերին թագուհին հոսպիտալացվել էր, սակայն չէին հրապարակել, թե ինչ պատճառով: Այդ ժամանակից ի վեր բժիշկները նրան հորդորել էին շատ հանգստանալ, և Եղիսաբեթ 2-րդը հանրությանը շատ հազվադեպ էր երևում:
Թագուհին, սակայն, այս անգամ մեքենայի մեջ նստած, ժպտուն դեմքով հետևել է իր ամրոցի մասնավոր տարածքում անցկացվող Վինձորի արքայական ձիերի շոուին: Ավելի ուշ նրան տեսել են նաև տրիբունաներում և ծափողջույններով դիմավորել: Միապետուհին, իհարկե, քայլել է ձեռնափայտի օգնությամբ:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՀՐՈՒՇԱԿԱԳՈՐԾԸ ՀԱՂԹԵԼ Է ՊԼԱՏԻՆԵ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՊՈՒԴԻՆԳԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Հայտարարվել է «Պլատինե պուդինգ» մրցույթի հաղթողը, որին կշնորհվի Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու պլատինե հոբելյանի համար պաշտոնական պուդինգ պատրաստելու պատիվը:
Ջեմմա Մելվինին հաջողվել է առաջ անցնել 5 հազար մրցակիցներից: Նրանք բոլորն էլ սիրողական հրուշակագործներ են եղել:
Ջեմմա Մելվին (թագուհու պլատինե հոբելյանական պուդինգի մրցույթի հաղթող) - հավատս չի գալիս, որ հաղթել եմ: Այնքան լավ պուդինգներ էին ներկայացված, սակայն իմ մի փոքրիկ համեստ աղանդերով կարողացա առաջ անցնել: Անհավատալի է:
Մելվինի պատրաստած աղանդերում կան կիտրոնով ու կաթնաշոռով ռուլետ, կրեմ, դոնդող, մանդարին, ամարետտո և այլն: Նրա խմորեղենը, իհարկե, տոնին մատուցվող միակ կերակրատեսակը չի լինելու: Հյուրերը կվայելեն նաև հավի մսով արքայական ուտելիքներ ու հայտնի «Վիկտորիա» տորթը:
Պուդինգի այս մրցույթով է նշանավորվել պլատինե հոբելյանի միջոցառումների մեկնարկը: Իսկ ավարտը կազդարարվի հունիսի 2-ից սկսվող քառօրյա ազգային միջոցառումներով:
ՉԵԽԻԱ
ՉԵԽԻԱՅՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԿԱԽՈՎԻ ԿԱՄՈՒՐՋԸ
Վախն ու ադրենալինը այն զգացողություններն են, երբ առաջին այցելուները պատրաստվել են անցնել աշխարհի ամենաերկար կախովի հետիոտնային կամրջով, որը ձգվում է Չեխիայի լեռնային հովտում:
Այս կամուրջն օրեր առաջ է բացվել, ունի 721 մետր երկարություն, գետնից բարձր է 95 մետր: Sky Bridge 721 կոչվող կամուրջը կառուցելու համար պահանջվել է 2 տարի, ծախսվել է մոտ 8.4 մլն դոլար: Կախովի կամուրջը պահում են 6 հիմնական պարաններն ու 60 հողմային ճոպանները:
Կամուրջը ծովի մակերևույթից ավելի քան 1100 մ բարձր է և միացնում է Չեխիայի հյուսիս-արևելյան շրջանի երկու լեռնաշղթաները՝ Պրահայից 200 կմ հեռու, Լեհաստանի հետ սահմանին:
Չեխիայի կախովի կամուրջն իր երկարությամբ գերազանցում է Պորտուգալիայի նմանօրինակ կամրջին, որի երկարությունը 516 մետր է:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՀՍԿԱ ԴՈՄԻՆՈՅԻ «ԹԻԿՆԱԶՈՐՆ» ԱՆՑՆՈՒՄ Է ՆՈՐԻՋՈՎ
Անգլիայի արևելյան Նորիջ քաղաքում իսկական իրարանցում է: Ավելի քան 7 հազար դոմինոներն ասես «շրջում» են քաղաքի փաբերով, տներով ու առևտրի կենտրոններով ու, բնականաբար, փլվում:
Այս հետաքրքիր մտահղացմամբ սկիզբ է դրվել Նորֆոլկի և Նորիջի 250-րդ փառատոնին: Ինստալյացիան կյանքի կոչելու համար 200 կամավոր է աշխատել: Նրանք օգնել են դոմինոյի ճերմակ խաղաքարերը տեղադրել քաղաքի տարբեր հատվածներում:
Այս նախաձեռնությանը մեծապես աջակցել են նաև քաղաքի բնակիչներն ու գործարարները, որոնք սիրով իրենց հաստատությունների դռները բացել են և թույլ տվել, որ դոմինոյի հսկա շարանն անցնի նաև իրենց մոտով:
Նիքի Դեյվիս (կամավոր) - Կարծում եմ՝ մարդկանց իսկապես դուր է գալիս այն միտքը, որ ամբողջ քաղաքը վերածվել է մի մեծ խաղահրապարակի: Բացի այդ, բոլորը սիրում են դոմինոյի խաղը: Եվ հանկարծ տեսնում ենք այս հսկա դոմինոյի վազքը, որը պտտվում է քաղաքով մեկ, քաղաքի հին վայրերից մինչև ժամանակակից հատվածներ: Մարդիկ կամա թե ակամա միանում են մեր նախաձեռնությանը:
Մտահղացման հեղինակները լիահույս են, որ այդկերպ կարող են նպաստել քաղաքի բնակիչների համախմբմանը: