Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը նախաքննական մարմնից պահանջում է վերադարձնել իր բնակարանից առգրավված նկարների հավաքածուն:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան այս մասին հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում էր իր և գործով մյուս մեղադրյալ Վրեժ Մարկոսյանի առաջին դատական նիստը: Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության, կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, մի քանի դրվագներով փողերի լվացման համար: Իսկ մյուս մեղադրյալ Վրեժ Մարկոսյանը՝ խոշոր չափի վատնում կատարելու համար:
Աղվան Հովսեփյան (մեղադրյալ) - Ես ունեմ տանը նկարների հավաքածու, էդ նկարների հավաքածուն նախաքննության մարմինը առգրավել է, նշանակել փորձաքննություն, որոշմանը ինձ ծանոթացրել են, ո՞ւր է այդ փորձաքննության եզրակացությունը, ո՞ւր են նկարների առգրավման հետ կապված փաստաթղթերը:
Ասաց՝ դրանք օրինական ճանապարհով է ձեռք բերել: Ըստ նրա` վերջին հայտարարագրի՝ Հովսեփյանը ունի մի շարք հայտնի նկարիչների կտավներ՝ Այվազովսկի, Կոջոյան, Սարյան, Մինաս Ավետիսյան: Ընդհանուր հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող նկարների հավաքածու: Իսկ թե որքան է այս նկարների իրական արժեքը, Հովսեփյանը հայտարարագրում չի հստակեցրել: Ըստ Հովսեփյանի՝ քրեական գործի բազմաթիվ նյութեր նախաքննական մարմինը պարզապես թաքցրել է, քանի որ, նրա համոզմամբ՝ քննությունն իրականացվել է ոչ թե ինչ-որ դեպքերի բացահայտման, այլ բացառապես իր անձի դեմ ինչ-որ ապացույցներ ձեռք բերելու համար։ Նախկին պաշտոնյայի պաշտպանները ևս պնդեցին՝ գործի` իրենց տրամադրված տարբերակում թղթեր են բացակայում:
Երեմ Սարգսյան (Աղվան Հովսեփյանի պաշտպան) - Շուրջ երկու տարի Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քննելով այդ հիմնական քրեական գործը և բացառապես այդ գործով հավաքելով մեղադրական և արդարացնող բնույթի ապացույցներ` մեղադրանքի կողմը ակնհայտորեն այդ քրեական գործից ուղղակի իր կամայական ցանկությամբ առանձնացրել է իր համար ցանկալի, ամենայն հավանականությամբ, մեղադրանքի կողմի կարծիքով` միայն մեղադրող բնույթի ապացույցները և կցել այս դատարանում գտնվող քրեական գործին:
Սարգսյանի կարծիքով՝ մեղադրանքի կողմը անհավասար պայմաններ է ստեղծել պաշտպանական կողմի համար՝ դրանով իսկ խախտելով արդար մրցակցության սկզբունքը: Պաշտպանը պահանջեց, որ դատարան ներկայացվեն մայր գործի բոլոր նյութերը, ապահովվի Աղվան Հովսեփյանի արդար դատաքննության իրավունքը: Մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դրա բավարարման դեպքում կխախտվի նախաքննական գաղտնիքը:
Գուրգեն Սաֆարյան (մեղադրող դատախազ) - Առաջադրված մեղադրանքի սահմաններում ներկայացված ապացույցները տվյալ դեպքում՝ մեր գնահատմամբ, բավարար են` հիմնավորված համարելու, որ մեղսագրվող արարքները կատարվել են Աղվան Հովսեփյանի կողմից:
Լսելով կողմերին` դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը, նշեց՝ դրան կանդրադառնա քրեական գործի նյութերը հետազոտելուց հետո:
Միջնորդություններից հետո դատական նիստը հետաձգվեց, քանի որ Աղվան Հովսեփյանը պետք է բժշկական հետազոտություն անցներ։ Նիստը կշարունակվի հունիսի 10-ին, որի ժամանակ կհրապարակվի գործի մեղադրական եզրակացությունը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան