«ԱԶՈՎՍՏԱԼԻ» ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԻՋԱՆՑՔ Է ԲԱՑՎԵԼ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի զինված ուժերը համաձայնության են եկել «Ազովստալ»-ում շրջափակված ուկրաինացի զինվորականների հետ, լռության ռեժիմ են հայտարարել և արդյունաբերական գոտում հումանիտար միջանցք բացել՝ վիրավորներին դուրս բերելու համար, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Ուկրաինացի վիրավոր զինվորներին նախատեսվում է տեղափոխել Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության տարածքում գտնվող Նովոազովսկի հիվանդանոց։
Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ ռուսական ուժերն առաջին անգամ ֆոսֆորային ռումբեր են կիրառել «Ազովստալ»-ի պաշտպանների դեմ։ Պաշտոնական Մոսկվան Ուկրաինայի մեղադրանքներին դեռևս չի արձագանքել։ Նշվում էր նաև, որ գործարանում կա շուրջ 1000 մարտիկ, նրանցից 600-ը վիրավոր են, 40-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
ՇՎԵԴԻԱՆ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ
Ստոկհոլմը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու որոշման մասին։ Ավելի վաղ Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցությունն իր աջակցությունն էր հայտնել երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու նախաձեռնությանը, սակայն նախապայմանով՝ ՆԱՏՕ-ն չպետք է միջուկային զենք և մշտական բազաներ տեղակայի թագավորության տարածքում։ Երկրի կառավարությունը պատրաստվում է ներկայացուցիչներ ուղարկել Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում առկա թյուրըմբռնումները։
Հելսինկին նույնպես ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու որոշում է կայացրել, ինչի մասին հայտնել է Ֆինլանդիայի նախագահը։
ՄՈՍԿՎԱՆ ԿՀԵՏԵՎԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ. ՊՈՒՏԻՆ
Ֆինլանդիայի և Շվեդիայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնումը ուղղակի վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, քանի որ Մոսկվան այդ երկրների հետ խնդիրներ չունի։ Այս մասին Մոսկվայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Միաժամանակ ՌԴ նախագահը զգուշացրել է՝ Մոսկվան համարժեք պատասխան կտա դաշինքի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնմանը։
«Ինչպիսի՞ն կլինի մեր արձագանքը՝ կախված է հնարավոր սպառնալիքներից։ Բացի անվերջ ընդլայնվելու քաղաքականությունից Հյուսիսատլանտյան դաշինքը նաև դուրս է գալիս իր աշխարհագրական շրջանակից, Եվրատլանտյան շրջանակից՝ փորձելով ավելի շատ վերահսկել միջազգային անվտանգության հետ կապված իրավիճակը», - հավելել է նա, նախազգուշացրել՝ Մոսկվան կհետևի հետագա զարգացումներին։
ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՄ Է ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն դեմ է ահաբեկիչներին աջակցող երկրներին, հայտարարել է արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ֆինլանդիան և Շվեդիան պետք է դադարեցնեն գործակցությունը ահաբեկչական կազմակերպությունների հետ և չեղարկեն Թուրքիա պաշտպանական արտադրանքի մատակարարման սահմանափակումները»,- պարզաբանել է նախարարը՝ Բեռլինում ՆԱՏՕ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնելով Քրդական Բանվորական կուսակցության հետ Ստոկհոլմի և Հելսինկիի կապերի հետ կապված:
Չավուշօղլուն նաև պնդել է՝ Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։
ՆԱՏՕ-Ն ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ԿՈՒԼԵԲԱ
ՆԱՏՕ-ն ոչինչ չի արել Ուկրաինային օգնելու համար, Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։ Ընդ որում՝ դիվանագետը շեշտել է Եվրամիության կարևոր դերը Կիևին աջակցության հարցում։
«Եվրամիությունը տնտեսական հզոր պատժամիջոցներ է սահմանել, ռազմական, ֆինանսական աջակցություն է տրամադրել Կիևին։ Իսկ ՆԱՏՕ-ն միայն հայտարարություններ է տարածում և մտահոգություն հայտնում»,- հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Կուլեբան նաև հայտնել է, որ Կիևը մտադիր չէ հանուն հրադադարի զիջել Ռուսաստանին, այդ թվում՝ Դոնբասի ու Ղրիմի հարցում։
«Այն ամենը, ինչ մեզ է պատկանում, պետք է մնա մերը»,- շեշտել է նախարարը։
ԷԼԻԶԱԲԵԹ ԲՈՐՆԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Ժան Կաստեքսի հրաժարականը՝ հայտնում են Ելիսեյան պալատից։ Կաստեքսը և նախարարները ժամանակավորապես կկատարեն իրենց պարտականությունները մինչ նոր կառավարության ձևավորումը։
Վարչապետի պաշտոնում նշանակվել է Աշխատանքի, զբաղվածության և ինտեգրման գործող նախարար Էլիզաբեթ Բորնը։
ԱՎՍՏՐԻԱՆ ՄԱՅԻՍԻ 16-ԻՑ ՉԵՂԱՐԿՈՒՄ Է ՄՈՒՏՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Ավստրիայի իշխանությունները մայիսի 16-ից չեղարկում են կորոնավիրուսի համավարակի պատճառով երկիր մուտքի սահմանափակումները։ Առողջապահության նախարարության տվյալով՝ սահմանը հատելիս այլևս անհրաժեշտ չէ ներկայացնել պատվաստման հավաստագիր, կորոնավիրուսի բացասական թեստ․ ինքնամեկուսացում նույնպես չի պահանջվում։
Բացառություն են կազմում համաճարակաբանական բարձր ռիսկ ունեցող երկրներն ու տարածաշրջանները։ Սակայն ներկայում այդ ցուցակում ոչ մի երկիր ներառված չէ։
Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսը թափ է հավաքում։ Մեկ օրում գրանցվել է վարակման ավելի քան 392 հազար նոր դեպք։ Ընդհանուր թիվը գերազանցել է 1,2 միլիոնը։ Կառավարությունը հիվանդությունն «անհայտ տենդ» է անվանում։ Մայիսի 12-ին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարեցին, որ երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել, երկրի ողջ տարածքում լոքդաուն է սահմանվել։