Կառավարության որոշմամբ` օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում գազով շահագործվող մոտ 450 հազար տրանսպորտային միջոց կա: Նոր կարգի վերահսկողությունն իրենք են իրականացնելու.
Արտյուշ Գրիգորյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ) - Գազաբալոնային համակարգի տեղադրման գործունեության լիցենզավորման և վկայագրման կարգի կարևորությունն այն է, որ մինչ այս պահը գազաբալոնային համակարգերը տրանսպորտային միջոցներում տեղադրվել են տարբեր կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից՝ պետական կառույցների կողմից չվերահսկվող կարգով և տարածքներում:
Գործունեությունը շարունակելու համար գազաբալոն տեղադրող կամ ճնշափորձարկող ընկերությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լիզենզիա պետք է ստանա, սպասարկի գազաբալոնով շահագործվող մեքենան, վարորդին տրամադրի ստուգումը փաստող վկայական՝ գրանցելով նրան նաև էլեկտրոնային շտեմարանում. ստուգման վկայականն ունենալու դեպքում միայն վարորդն իրավունք կունենա օգտվել գազալցակայանից.
Արտյուշ Գրիգորյան - Լիցենզավորման և ճնշափորձարկման կարգը կամ տվյալները էլեկտրոնային շտեմարան ոչ ճիշտ փոխանցելը, գազալցակայանների կողմից առանց էլեկտրոնային շտեմարանների հետ տվյալները նույնականացնելու լցավորում իրականացնելը ենթադրում է պատասխանատվության միջոցներ մինչև 300 հազար դրամ:
Պարբերաբար գազաբալոնների պայթյուններ են լինում՝ ծանր ու աղետալի հետևանքներով. անվտանգության տեսանկյունից սա բավական լուրջ խնդիր է, ասում է Գրիգորյանը:
Գազաբալոն տեղադրող և սպասարկող լիցենզավորված կազմակերպության տնօրենը բացատրում է ռիսկերը:
Արկադի Սարգսյան (Ընկերության տնօրեն) - Գազաբալոնները տարիների ընթացքում բարձր ճնշման են ենթարկվում, ներսում կոռոզիա է առաջանում՝ մետաղը հոգնում է: Այս պրոֆիլակտիկ ստուգումներով, պարբերական վկայագրումով մենք բացահայտում ենք թերություն ունեցող բալոնները, որոնք ժողովրդի հետ կապ ունեն՝ մեքենա են նստում, մարդիկ են կողքը կանգնում:
Հստակ գին սահմանված չէ 2 տարին մեկ գազի համակարգի պարտադիր ստուգման համար, ասում է ընկերության տնօրենը. ըստ նրա` գինը մոտավորապես կտատանվի 9-15 հազար դրամի սահմանում: Եթե խոսքը անվտանգության մասին է, 2 տարվա համար դա մեծ գումար չէ, կարծում են քաղաքացիները: Կարևորը օրենքը գործի:
Գործընթացը մի քանի փուլ է ենթադրում, մոտ մեկ ժամ է տևում: Ստուգվում է ոչ միայն գազաբալոնի արտաքին ու ներքին վիճակը, այլ գազի սարքավորումներն ամբողջությամբ: Որոշ գազաբալոններ ստուգում պետք է անցնեն 2, որոշները՝ 3 տարին մեկ անգամ:
Կառավարության նիստում թեմայի կարևորությանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերահսկողությունը միայն տեսչական մարմինը չի իրականացնելու:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այստեղ էլեկտրոնային շտեմարանի առկայությունը մեզ օգնելու է նաև նրանով, որ պարեկային ոստիկանությունը, օնլայն, նույնիսկ առանց ավտոմեքենան կանգնեցնելու կարող է ստուգել՝ այդ մեքենան ունի՞ համապատասխան վկայական, թե՞ ոչ:
Տեսչական մարմինը հավաստիացնում է, որ վերահսկողությունը խիստ է լինելու: Գուցե հետագայում բոլոր գազալցակայաններում տեսախցիկներ տեղադրվեն: ԱԻ նախարարության տվյալով` 2020 և 2021 թվականներին արձանագրվել է մեքենայի գազաբալոնի պայթյունի համապատասխանաբար 2 և 4, 2022-ի մինչև ապրիլ ամիսը՝ 1 դեպք:
Եղել են և՛ զոհեր, և՛ տուժածներ:
Հեղինակ` Էդուարդ Հովհաննիսյան